Գլխավոր Լրահոս

Ռուստամ Բադասյանը մեկնաբանել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությունը՝ նիստերին չմասանակցելու մասին

Ռուստամ Բադասյանը մեկնաբանել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությունը՝ նիստերին չմասանակցելու մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ճիշտ չի համարում կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը․ այդ մասին Բադասյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների՝ սեպտեմբերի 7-ի հայտարարությունը այն մասին, որ իրենք հրաժարվում են այլևս դատական նիստերի մասնակցել՝ դատական ոլորտում առկա խնդիրների պատճառով, նաև դա համարել էին իշխանություններին ուղղված քայլ։

 «Ես ինքս առանձին դեպքերում տեսնում եմ դատական նիստերը հետաձգելու երևույթ, տեսնում եմ արդարադատությունից խուսափելու երևույթներ՝ ինչ-որ դատավոր էս գործը չի ուզում քննի, կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում, երբ որ ինքնաբացարկի հիմքեր չկան...բնականաբար այս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ»,- ասել է Բադասյանը՝ նշելով, որ «կոնկրետ գործերի հետ կապված ինքն անելիք չունի»։ 

Նախարարը խոսել է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասին՝ ասելով, որ օրենքն ամբողջ ծավալով մտել է ուժի մեջ, ու դատախազության համապատասխան ստորաբաժանումը կարող է սկսել ուսումնասիրությունները։ 

«Այդ ուսումնասիրություններն այնքան ծավալուն են, որ ակնկալել՝ 2021-ի առաջին եռամսյակից շուտ որևէ հայց կգնա դատարան, կարծում եմ սխալ կլինի։ Տեսանելի հատվածին ականատես կլինենք 2021-ի ընթացքում»,- հայտարարել է նա։  

***

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները դադարեցնում են ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին. այս մասին սեպտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Այժմ, երբ նախաքննությունն, ըստ էության, դադարեցված է մարտի 1-ի հիմնական գործով, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- ասաց Եգորյանը:

 Նա նշեց, որ իրենց չմասնակցելը չի նպաստելու նրան, որ գործն ընթանա այս կամ այն ուղղությամբ:

Մկրտիչ Կարապետյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում