Գլխավոր Լրահոս

«Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը

«Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս: Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում: Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։ Բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ: Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել: Շնորհակալություն»,- գրել է Փամբուխչյանը։ Փամբուխչյանի հրաժարականի դիմումի առնչությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։ Սեպտեմբերի 9-ին մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արսեն Ջուլֆալակյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում