Գլխավոր Լրահոս

5 մլն բնակչություն, 1,5 մլն նոր աշխատատեղ և 20-ապատկված ՀՆԱ. ՀՀ վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը

5 մլն բնակչություն, 1,5 մլն նոր աշխատատեղ և 20-ապատկված ՀՆԱ. ՀՀ վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմեբրի 21-ին՝ Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, որում ներկայացված են երկրի զարգացման հիմնական չորս արժեքային ուղղությունները, ազգային նպատակները և 16 մեգանպատակները:

Ռազմավարության թիրախային ցուցանիշներն են՝ ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով: Ռազմավարությամբ նախատեսված է քսանապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, յոթնապատկել միջին աշխատավարձը:

Նախատեսվում է մինչև 2050-ը ունենալ մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

Հիմնական նպատակներից է լինելու սովորելն ազգային ապրելակերպ, բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-ակում առնվազն 3 հայկական բուհի տեղ գտնելը, Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դարձնելը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 15 մլն-ի հասցնելը: Նախատեսվում է ունենալ 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ:

Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մշակումը և իրագործումը կառավարութան պատկերացմամբ համազգային շարժում է, որտեղ շատ կարևոր դեր «ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ, և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է ժողովուրդն իրենը համարի»։

Ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլև փոխակերպումների մասին է, որոնք պետք է տեղի ունենան հանրային կյանքի բոլոր տիպի հարաբերություններում, և որոնց արդյունքում կկարողանան հասնել թռիչքաձև զարգացման, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում՝ այնպես չէ, որ ռազմավարությունը մինչև 2050թ. պետք է ճշգրիտ մնա, այլ կառավարությունն ակնկալում է դրա շուրջ քննարկման ծավալում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել», - ասել է վարչապետը։

Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը հիմնված է ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա: Ամենակարևոր գաղափարական հենքը վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում արձանագրվել են ազգային արժեքները: 2050թ. ռազմավարության տեսանկյունից առանձնացնում են 4 առաջնորդող արժեքներ՝
1. Հայոց պետականություն – Պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Պետականությունն առանցքային արժեք է: Հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը։

2. Կրթություն – Կրթությունն է այն միակ գործիքը, անկյունաքարը, որով մարդը ճանաչում է խնդիրները և գտնում դրանց լուծումները։

3. Անհատ – Անհատն է միակ սուբյեկտը, որը ձևավորում է ընտանիք, հանրություն, ժողովուրդ և պետություն։

4. Աշխատանք – Աշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը։

Ռազմավարության հաջորդ գաղափարական հենքը, ազգային նպատակներն են՝ հայկական պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության արժևորումը, հայ ժողովրդի ազգային, պետական ինքնության, պահպանումն ու զարգացումը և համահայկական ներուժի համախմբումը։

Համահայկական առանցքի ձևավորման նպատակի համատեքստում պետք է հասկանալ նաև կանանց և տղամարդկանց ներուժի հավասար ներգրավումն ազգային, պետական խնդիրների լուծման գործում:

«Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, բայց բազմաթիվ հանգամանքների բերումով այսօր ՀՀ-ում կանանց ներուժը բոլոր ոլորտներում ամբողջական ներառված չէ և դրված չէ հանրության և պետության զարգացման հիմքում՝ սկսած Զինված ուժերից, շարունակած տնտեսությամբ և պետական կառավարման համակարգով։ Համահայկական ներուժի համախմբման ներքո պետք է հասկանանք ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլև հայության այն սեգմենտներին, մասնավորապես, կանանց, որոնց ներուժն ամբողջապես ներառելու հնարավորություն կա, բայց ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային համաձայնություն չկան։ Բոլոր ոլորտներում մենք կանանց ներուժն ակնհայտորեն ամբողջական չենք օգտագործում, և մեզ համար ռազմավարական խնդիր է այդ ներուժի ամբողջական ներգրավումը», - շեշտել է վարչապետ Փաշինյանը։

Ռազմավարության հանրային պահանջարկը ձևակերպվում է հետևյալ կերպ. ապրել երջանիկ հայության կենսական շահերի կենտրոն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ և առաջադեմ: Զանգվածային վերափոխման նպատակն արտահայտվում է «Վերափոխենք միլիոնավոր հայրենակիցների և օտարերկրացիների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» գաղափարի ներքո։ Իսկ ռազմավարության գաղափարախոսությունն ամփոփվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Կառուցենք Հայաստանը նորովի», և «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» 3 առաջնորդող կարգախոսներում։
2050թ. ռազմավարությամբ նախատեսված են 16 մեգանպատակներ, որոնք են.

- Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ

- Պաշտպանված Հայաստան

- Արդյունավետ և հաշվետու կառավարում

- Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ

- Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք

- Իրավական Հայաստան

- Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում

- Մաքուր և կանաչ Հայաստան

- Տարածքային խելամիտ զարգացում

- Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն

- Մեծ հայրենադարձություն և ինտեգրում

- Աշխարհի հետ կապված Հայաստան

- Վերականգնվող և հանրամատչելի էներգիա

- Գործարարների համար գրավիչ Հայաստան

- Գիտելիքահենք Հայաստան

- Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան

Առաջիկայում կգործարկվի նաև «Հայաստան-2050» կայքը, որը կդառնա նաև աշխատանքային հարթակ քննարկումների, առաջարկների, քննադատությունների համար։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում