Գլխավոր Լրահոս

Սաուդյան Արաբիան երկրորդ անգամ շնորհավորեց Հայաստանի Անկախության տոնը

Սաուդյան Արաբիան երկրորդ անգամ շնորհավորեց Հայաստանի Անկախության տոնը
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը շնորհավորել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ: «Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ շարունակական առաջընթաց և բարգավաճում», - մասնավորապես ասվում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդի ուղերձում: Հատկանշական է, որ սա երկրորդ դեպքն է, երբ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգը շնորհավորում են Հայաստանի ղեկավարությանը՝ երկրի Անկախության տոնի առթիվ: Առաջին անգամ Սաուդյան Արաբիան շնորհավորել էր Հայաստանի Անկախության օրը 2018 թվականին: Սաուդյան Արաբիան այն չորս երկրներից է (մյուս երեքը՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան), որը ղարաբաղյան հակամարտության պատճառով հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ 1991-ից ի վեր պաշտոնական Երևանը քայլեր է ձեռնարկել, որպեսզի Ռիադի հետ հաստատվեն հարաբերություններ։ Օգտագործվել է նաև փափուկ դիվանագիտությունը՝ ոչ դիվանագիտական խողովակները, սակայն թագավորական ընտանիքը մնացել է անդրդվելի։ 2017-ի հունվարին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք բազմաթիվ իսլամական երկրների հետ: Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց պատրաստ ենք այն հաստատել, սակայն Սաուդյան Արաբիան դեռ չի գնում դրան: Երբ կգնա, այն ժամանակ կհաստատենք, մենք այնպիսի վիճակում չենք, որ այդ հարաբերությունների հաստատումից հեղաշրջում լինի միջազգային հարաբերություններում»,- ասել էր Նալբանդյանը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև կա մի քանի հարյուր հազար դոլարի հասնող երկկողմ ապրանքաշրջանառություն: #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում