Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Նրա հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որում ասում է, որ «չափազանց կարեւոր է իր սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս»:
«Երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց»,- գրել է Աբրահամյանը:
Գայանե Աբրահամյանը «Իմ քայլը» խմբակցության երրորդ պատգամավորն է, որը վերջին շրջանում վայր է դրել մանդատը։ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել էր մանդատից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ տարաձայնությունների պատճառով, իսկ Արմեն Փամբուխչյանը աշխատանքի է անցել գործադիրում՝ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
Գայանե Աբրահամյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո այն անցնում է «Իմ քայլ»-ի ցուցակի 88-րդ համարին՝ Զարուհի Մաթևոսյանին։ Վերջինս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է, մինչ այդ եղել էր Վաչե Գաբրիելյանի օգնականը։