Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծվել է շատ բարդ իրավիճակ, որը բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Գախարիան առաջարկել է Թբիլիսիում անցկացնել հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական ռազմական հակամարտության հետևանքով ստեղծվել է բարդ իրավիճակ, կան բազմաթիվ զոհեր, և, ցավոք, հնարավոր չի թվում ռազմական գործողությունների դադարեցումն ու երկխոսության վերականգնումը։
Բոլորս ենք հասկանում, որ իրավիճակի հետագա սրացումը շատ բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։
Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները՝ հակամարտությանը վերջ դնելու և երկխոսությունը վերականգնելու համար։
Բոլորին է հայտնի, որ մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ՝ Հայաստանի և Ադրբեջանի։
Վրաստանում ապրող մեր ադրբեջանցի և հայ հայրենակիցները պատմականորեն կարևոր դեր են խաղացել մեր երկրի զարգացման և ամրապնդման հարցում։ Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերը և ադրբեջանցիները կարող են ամբողջ Հարավային Կովկասը վերածել խաղաղության և զարգացման տարածքի։
Մեր ընդհանուր շահերից է բխում տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ խաղաղության հաստատումը։ Վրաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին, այդ թվում՝ անցկացնել հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպում Թբիլիսիում՝ երկխոսության վերականգնման համար»,- ասել է Գախարիան։
Civilnet











