Երևանի ավագանին այսօր օրակարգային ութ հարցերից հինգով քննարկեց և կողմ քվեարկեց որոշ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու հարցերին։ Այդ որոշումներով նախատեսվում է Երևանի տարբեր հատվածներում կառուցել ինչպես բազմաբնակարան շենքեր, այնպես էլ ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն։
Ավագանին վերոնշյալ հարցերն առանց ծավալուն քննարկման ընդունեց, միայն «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի վերաբերյալ հարց ուներ ավագանիում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։ Ընկերությունը նախատեսում է Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում հանգստի և ժամանցի կենտրոն հիմնել։
Ավագանու անդամը կարծիք հայտնեց, որ տարածքում հուշարձաններ էին հայտնաբերվել, ինչի հետևանքով նախագիծը կասեցվել էր՝ ոլորտային կառույցի հետ համաձայնեցնելու նպատակով. «Կարո՞ղ եք ասել, թե հիմա տարածքի կարգավիճակն ի՞նչ է»,- հետաքրքրվեց Մելքոմ Մելքոմյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը պարզաբանեց, որ կասեցնելու մասին որևէ տեղեկություն չկա և շինարարությունն այժմ էլ ընթանում է։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ առկա խոչընդոտները վերացել են։
Մեկ այլ հարցով ավագանին որոշեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումը արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով, մասնավորապես, կայանատեղիների մուտքի և պահակակետի կառուցման համար Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով նախատեսել ավելի քան 49 մլն դրամ:
Ավագանու նիստին «Իմ քայլից» Սիփան Ասատրյանն անդրադարձավ պատերազմի հետևանքներին՝ ասելով, որ այն իր հետ ենթադրում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացում. «Որպես Հայաստանի ամենախոշոր համայնք մենք ապագայում կբախվենք այդ խնդրին, երբ մեր բնակչության մի ստվար հատված ձեռք է բերելու հաշմանդամություն՝ մեզ պաշտպանելու ժամանակ։ Ես կուզենայի, որ մենք՝ որպես համայնք, ավելի ուշադիր լինենք մեր ենթակառուցվածքների և հաշմանդություն ունեցող անձանց համար քաղաքը հարմարեցնելու ուղղությամբ»։
Քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնվեց ավագանու անդամի հետ՝ հավելելով, որ ակտիվ աշխատանքներ իրականացվել են նաև նախքան պատերազմը։
«Իմ քայլը» խմբակցությունից Լևոն Զաքարյանն էլ խոսեց կորոնավիրուսի համաճարակից՝ կոչ անելով քաղաքացիներին պահպանել կանոնները։ Նա քաղաքապետարանին առաջարկեց ուժերի ներածին չափով նվազեցնել վարակի տարածումը. «Խոսքս վերաբերում է հատկապես տրանսպորտին, վերջին շրջանում, իմ փորձով եմ ասում, կան նաև վարորդներ, որոնք իրենք իսկ դիմակ չեն կրում, բնականաբար նրանք չեն էլ հորդորում ուղևորին պահպանել կանոնները»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ կա խնդիր նաև հիվանդանոցներում։
Հայկ Մարությանը հայտնեց, որ շուրջ երկու օր առաջ հանձնարարական է տվել համայնքապատկան բոլոր մարմիններին, որպեսզի հետևեն հակահամաճարակային կանոններին։
Գևորգ Թոսունյան
Civilnet











