Ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները կներվեն։ Առաջարկը ներկայացրել է կառավարությունը։ Խորհրդարանն այսօր արտահերթ նիստով քննարկվեց այս նախագիծը։
«Պետությունն այդ ներելու հետևանքով չստացվող եկամուտների բեռի մի մասը վերցնում է իր վրա»,- ԱԺ-ին ներկայացնելով նախագիծն՝ ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ հավելելով, որ հարցը մնում է բանկի հայեցողական որոշման վրա՝ ներել, թե չներել։
«Մենք ուզում ենք, որ սա ընկալվի որպես իրական հնարավորություն, պատրաստակամություն։ Ես համոզմունք ունեմ, որ այդպես էլ կա, այն առումով, որ նախ ստեղծված իրավիճակն է առանձնահատուկ և երկրորդ իմաստ չկա այդ ակտիվները շարունակ պահել բանկերի հաշվեկշռում, որովհետև բանկը ընկալում է, որ դրանք սպասարկելու հնարավորությունը չկա կամ մոտ է զրոյի, բնականաբար ամենառացիոնալ որոշումը պետք է լինի դրանք դուրս գրելն ու այդ մարդկանց ազատելը վարկային պարտավորություններից»,- ասաց Պողոսյանը։
Ըստ փոխնախարարի՝ նախագծի քննարկման ընթացքը ցույց է տվել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են գնալ այդ ճանապրհով. «Ավելին՝ կան բանկեր, որոնք չեն էլ սպասել այս օրենքի ընդունմանը։ Կարծում եմ, որ կունենանք իր նպատակին ծառայող օրենք ու բավականին շատ ներումներ»։
Բացի այդ խորհրդարանը քննարկեց նաև հարկային պարտավորություններին առնչվող մեկ այլ նախագիծ. «Առաջարկվում է, որ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կոմից ներմուծվող, այնուհետ հումանիտար, առողջապահական ու ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ և գործընթացը լինի ավելի օպերատիվ»,- հայտնեց փոխնախարարը։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց նախագծերը։
Գևորգ Թոսունյան
Civilnet











