Գլխավոր Լրահոս

Ժնևի ճանապարհին. նոր ստատուս-քվո, բարդ բանակցություններ, սթափ որոշումներ

Ժնևի ճանապարհին. նոր ստատուս-քվո, բարդ բանակցություններ, սթափ որոշումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Եթե նախորդ երկու դեպքերի նման Ադրբեջանը հրադադարի մասին պայմանավորվածությունները օգտագործի վերադիրքավորվելու, շարունակելու լայնածավալ գրոհներն ու հրթիռա-հրետակոծությունները շփման գծի ողջ երկայնքով, ապա ժնևյան բանակցությունները կարող են դառնալ անիմաստ, թեև, մյուս կողմից, դիվանագիտական աշխատանքը պետք է անդադար պահել կենդանի, ինչպես պետք էր խնամքով վերաբերվել դրանց վերջին տարիներին:

Հրանոթները խլացնելու լավագույն միջոցներից մեկը հենց ինտենսիվ դիվանագիտությունն է, հատկապես այսօր, երբ ԵԱՀԿ եռանախագահող պետությունների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի ու Էմանուել Մակրոնի անձնական և համատեղ ջանքերով են ընթանում կրակի դադարեցման փորձերը:

Ռազմի դաշտում պատերազմի չորս շաբաթների արձանագրած առավելությունը Ադրբեջանը փորձում է տեղափոխել դիվանագիտական հարթակ և իր կամքը թելադրել: Մի ձեռքով պատերազմել, մյուս ձեռքով բանակցել. այսպես է եղել բանակցային գործընթացը նաև 1991-1994 թվականների պատերազմի ամբողջ ընթացքում: Սա է եղել Ադրբեջանի կեցվածքը, որի ականատեսն ենք նաև այսօր: Ի հավելումն, Ադրբեջանը ստանում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը ռազմական, քաղաքական և տեղեկատվական մակարդակներում, ինչը ստացել է նաև 90-ականներին, բայց ոչ այս ծավալներով: Թուրքիան ուղղակի ականահարում է բանակցային գործընթացը այն նուրբ կետում, երբ հումանիտար հրադադարը կարող է կյանքի կոչվել:

Հայաստանը Ժնև է մեկնում բանակցային ոչ այն կեցվածքով, ինչպես մեկնում էր 1994-ից մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, քանի որ մասամբ վերացել է սակարկության առարկան: 1991-1994 թվականների պատերազմի արդյուքնում ստեղծվել էր նոր ստատուս-քվո, ինչը հնարավորություն էր տվել հայկական կողմին խոսել հաղթողի և թելադրողի դիրքերից: 1994-ի մայիսյան ստատուս-քվոն այսօր խախտվել է, հետևաբար, որոշակի կերպով սասանվել են հայկական կողմի բանակցային դիրքերը:

Հայաստանի հաջորդական կառավարությունները բանակցային գործընթացում առաջ էին տանում տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը, այսինքն՝ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ամբողջական ինքնորոշման իրավունքը և հանրաքվեով կամարտահայտության իրացումը, տարածքային փոխզիջման մասին խոսք լինել չի կարող:

Ո՞րն է այսօր հայկական կողմի կեցվածքը: Ինքանո՞վ է ռազմաճակատում ստեղծված վիճակը ազդել Երևանի դիրքորոշման վրա: Հայկական կողմը շարունակում է կանգնած մնալ կարմիր գծի վրա՝ Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող լինել սակարկության առարկա:

Միացյալ Նահանգներում վերջին օրերին կայացած բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձել է պարտադրել ժամանակացույց, որին սակայն դեմ է եղել հայկական կողմը: Համանախագահների հայտարարության մեջ հստակ նշվում է, որ ժամանակացույցը քննարկվելու և հաստատվելու է հենց Ժնևում:

Ի՞նչ է նշանակում ժամանակացույց:

Այս բառը հաճախ էր հանդիպում 1991-1994 թթ․ բանակցությունների ընթացքում, երբ կարգավորման գործընթացը ուղեկցվում էր պատերազմական գործողություններով: Ժամանակցացույցը կողմերի գործողությունների հերթականությունն է, այն է՝ հայկական կողմի/կողմերի «իքս» քայլին հաջորդում է ադրբեջանական կողմի «իգրեկ» քայլը: Եթե ավելի պարզ ներկայացնենք, ապա ժամանակացույցը փուլերն են կամ փուլային տարբերակը:

Ժնևյան բանակցությունները, եթե դրանք կայանան, հայկական կողմի համար լինելու են ամենաբարդը կարգավորման ամբողջ գործընթացում: Հայաստանի գործող իշխանությունների պատասխանատու և սթափ որոշումները կարող են ճակատագրական լինել ոչ միայն Արցախի, այլև ամբողջական Հայաստանի ապագայի համար:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ տեսարան Ժնևից

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում