Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում:
Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»,- ասված է հեռագրում։
***
Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամ եկեղեցու մոտ, դանակով զինված անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Նիսի քաղաքապետը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն: Ոստիկանությունը ձերբակալել է ոճրագործին:
Civilnet











