Էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը հավանաբար պայմանավորված է արժեզրկվող դրամի գործոնով: Նա որոշել է դիվերսիֆիկացնել Հայաստան ներկրվող ալմաստի աղբյուրները:
Ադամանդագործական ոլորտը անկում էր ապրում դեռ մինչև 2008-2009 թթ. համաշխարհային ճգնաժամը, իսկ ճգնաժամն անկումն ավելի խորացրեց:
«Ճգնաժամի հետևանքով մեր ընկերությունները լուրջ վնասներ կրեցին, բայց ներկայում մենք կարողացել ենք դուրս գալ ճգնաժամից և կարծում ենք, որ տարեվերջին կկարողանանք ավելացնել արտահանման ծավալները նախաճգնաժամային մակարդակի համեմատ»,– ասել է Դավթյանը (News.am):
Ռուսական «Ալռոսա» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո՝ սկսած 2009թ. դեկտեմբերից, Հայաստանը ստացել է հումքի մատակարարման կայուն աղբյուր: Ըստ Տիգրան Դավթյանի՝ տարեսկզբին աշխատում էր 1-2 ադամանդագործական ձեռնարկություն, ներկայում՝ 6-ը, իսկ տարեվերջին դրանց թիվը կհասնի 10-ի:
Ըստ «Արևակն» ընկերության տնօրեն Վարդան Անդրեասյանի՝ թեև միջազգային շուկայում ադամանդի գինը նվազել է մոտ 20%-ով, «Ալռոսան» բարձրացրել է Հայաստան մատակարարվող ալմաստի գինը: «Երբ հումքը գնեցինք, արդեն գիտեինք, որ վնասներ ենք կրելու, բայց գնացինք դրան, որպեսզի հետագայում մատակարարումները չդադարեն»,– ասել է Անդրեասյանը՝ հավելելով, թե «Ալռոսա»-ն միակողմանիորեն է սահմանում ալմաստի գները, իսկ գնորդին մնում է համաձայնել կամ չհամաձայնել դրանց:
Տիգրան Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ աշխատանքներ են տարվում հումքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Նա չի մանրամասնել սակայն, թե որ երկրներից է Հայաստանը պատրաստվում ալմաստ ներկրել:
Ալմաստի համաշխարհային արդյունահանման 40%-ը այսօր բաժին է ընկնում De Beers ընկերությանը, 25%-ը՝ «Ալռոսա»-ին։ Այս երկու ընկերություններն են թելադրում շուկայի գները, քվոտաները։ Ալմաստ են արդյունահանում Հարավային Աֆրիկայի երկրները՝ Բոթսվանան, ՀԱՀ-ը, Անգոլան, Նամիբիան, ինչպես նաև Կանադան։
Թեև Հայաստանի ոսկերչության ու ադամանդագործության ոլորտի անկումը պայմանավորում էին համաշխարհային տնտեսական ճգնաժամով, սակայն ոլորտի անկումը սկսվել էր ավելի վաղ՝ 2005թ.: Հայկական ադամանդագործության և ոսկերչության ոլորտը տարիներ շարունակ «ծաղկել» է հիմնականում արտաքին պատվերների հաշվին: Դրսից ներկրվում էր ալմաստ, մշակվում էր և հետ ուղարկվում պատվիրատուին։
Ոլորտի անկումը պայմանավորված էր երկու գործոնով. նախ՝ միջազգային շուկայում կրճատվեց ոսկերչական ապրանքների նկատմամբ պահանջարկը, երկրորդ՝ դրամի կտրուկ արժևորման հետևանքով ոլորտի ընկերությունները լուրջ վնասներ ունեցան: Հայաստանի ադամանդագործական ընկերությունների հաջողության հիմնական գրավականը «էժան» և որակյալ աշխատուժն էր։
Դոլարի արժեզրկման արդյունքում հայաստանյան ընկերությունները Չինաստանի և Հնդկաստանի մրցակիցների նկատմամբ կորցրին իրենց հարաբերական մրցակցային առավելությունը։ Այդ երկրներում աշխատուժը շարունակում է մնալ էժան, և փոխարժեքի էական տատանումներ չեն գրանցվում:
Արդյունքում դրանցում ադամանդագործությունը բարգավաճում է։ Ալմաստի մշակման մեջ ինքնարժեքի 80%-ը կազմում է աշխատավարձը: Եթե 2003թ. $1/Դ580 փոխարժեքի դեպքում $200 աշխատավարձը բավական բարձր էր, ապա 2008թ. $1/Դ305 փոխարժեքի պայմաններում նման գումարով մարդիկ չեն ցանկանում աշխատել։
2000թ. Հայաստանը ադամանդ մշակելու ցուցանիշով աշխարհում 5-րդն էր, իսկ աշխատանքի արտադրողականության ցուցանիշով՝ 4-րդը։ Եթե 2004թ. ոլորտի արտադրության ծավալը կազմում էր Դ117 մլրդ, ապա 2008թ. այն գրեթե 6 անգամ պակաս էր։ Ներկայում, երբ նկատվում է դրամի սահուն արժեզրկում, ակնագործությունը կարող է երկրորդ շունչ ստանալ։
Civilnet











