Երեկ Բաքվից Երևան է ժամանել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Նրա այցը հայաստանյան, ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցներում ավելի շատ դիտարկվեց Ղարաբաղի հարցի համատեքստում: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն գրել էր, թե Եվրամիությունը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Մինսկի խմբից ու Կովկասից ընդհանրապես: Սա, իհարկե, անհեթեթություն է. Եվրամիության առաջնահերթությունների թվում այսօր ներքին քաղաքական-տնտեսական խնդիրներն են, Արաբական աշխարհը, Իրանի միջուկային ծրագիրը և ամենևին ոչ Ղարաբաղը:
Հայաստանի համար Էշթոնի այցն ավելի կարևոր է ոչ այնքան Ղարաբաղի հարցի, որքան առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների առումով, թեև այս երկուսի միջև անքակտելի կապ կա:
Եվրամիությունը միշտ պաշտպանել է Մինսկի գործընթացը և շարունակելու է այդ քաղաքականությունը: Նրա ներդրումը Ղարաբաղի հարցում անշուշտ կարող է լինել այն, որ ավելի շատ ջանք գործադրի, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի հետ կնքած ասոցացման համաձայնագրից բխող պարտավորություններն անկեղծ կյանքի կոչեն, ինչն էլ ակամա կնպաստի ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը:
Ղարաբաղի խնդրի կարգավորումը և Հայաստանում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումն իրար հետ կապված են նրանով, որ ԼՂ-ի վերաբերյալ ցանկացած խաղաղ համաձայնագիր ենթադրում է լուրջ զիջումներ երկու կողմից և այդ զիջումների ներկայացում հանրությանը:
Հայաստանի պարագայում թերևս ավելի կարևոր է հանրային հավանությունը հաշտության հարցում, ինչի շանսերը շատ ավելի մեծ կլինեն, եթե իշխանությունները ձևավորվեն արդար ընտրությունների ճանապարհով և վայելեն ժողովրդի անվերապահ աջակցությունը. մի բան, որ այսօր չկա:
Այդպիսի հնարավորություն Հայաստանի առջև կարող է բացվել խորհրդարանական արդար ընտրությունների անցկացման պարագայում, ուստիև Եվրամիության հիմնական ուշադրությունը պետք է լինեն ընտրությունները, և Էշթոնը թերևս լավ հասկանում է սա:
Կարճ ասած՝ պետք չէ կառքը դնել ձիու առաջ...