Գլխավոր Լրահոս

Հարկեր գարեջրի մեջ

Հարկեր գարեջրի մեջ

Հիմք ընդունելով անցած տարի Հայաստանում արտադրված (15,3 մլն լ) և ներկրված (4,7 մլն լ) գարեջրի ծավալները՝ ստացվում է, որ մեկ շնչի հաշվով Հայաստանում սպառվել է 6 լ կամ մեկ ամսվա ընթացքում 0,5 լ։ Համեմատության համար նշենք, որ 2010թ. մեկ շնչի հաշվով սպառվող գարեջրի ցուցանիշով աշխարհի առաջատարը Չեխիան էր (144 լ), երկրորդ տեղում էր Գերմանիան (107 լ), երրորդ տեղում՝ Ավստրիան (106 լ): Հարևան Թուրքիայում Հայաստանից երկու անգամ ավելի գարեջուր են սպառում (12 լ), իսկ Ռուսաստանում մեկ շնչի հաշվով սպառվում է 77 լ գարեջուր։

Անցած տարի Հայաստանում սպառված գարեջրի 1/4-ն ունեցել է արտասահմանյան ծագում։ Այս տարվա ինը ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,6 մլն լ գարեջուր, ներկրվել է 2,8 մլն լ (2010թ. ինը ամիսներին ներկրվել էր 4,2 մլն լ): Սա նշանակում է, որ սպառված գարեջրի 1/5-ը եղել է արտասահմանյան, իսկ 4/5-ը՝ տեղական: Այսինքն՝ տեղական գարեջուրը ներքին շուկայում ամրապնդել է դիրքերը:

Ամենայն հավանականությամբ, տեսնելով ներքին շուկայում տեղական գարեջրի սպառման ծավալների ավելացումը, Կառավարությունը որոշել է հարկադրույքի չափն ավելացնել Դ30-ով՝ հավասարեցնելով ներկրվողին՝ 1 լ-ի համար Դ105: Նման քայլի համար Կառավարության հիմնավորումը Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունն է, որով տեղական և ներկրված ապրանքների հարկադրույքները պետք է հավասար լինեն։

Ուշագրավ է, որ չնայած այս տարվա ինը ամիսներին Հայաստանում արտադրված գարեջրի ծավալները կրճատվել են 3,5%-ով, Հայաստանի գարեջուր արտադրող երեք ընկերությունների վճարած հարկերի ծավալը 2010թ. ինը ամիսների համեմատ կրճատվել է 12%-ով։ Վճարված հարկերի կրճատումը հնարավոր չէ բացատրել գների փոփոխությամբ, քանի որ գարեջրի գները մնացել են անփոփոխ։

Եթե հիմք ընդունենք, որ գալիք տարի կարտադրվի այնքան գարեջուր, որքան այս տարի, ապա միայն ակցիզային հարկը Դ30-ով (1 լ-ի հաշվով) բարձրացնելու արդյունքում պետբյուջեն կհամալրվի Դ450 մլն-ով։ Իհարկե, հարկադրույքի բարձրացումը այլ հավասար պայմաններում նաև ենթադրում է տեղական մեկ շիշ գարեջրի Դ15-ով թանկացում։

Նման պայմաններում հնարավոր է, որ տեղական գարեջրի սպառման ծավալները նվազեն՝ հօգուտ ներկրվողի, բայց բյուջեն դրանից չի տուժի, քանի որ հարկադրույքները հավասար են։ Բյուջեն լրացուցիչ եկամուտներով ապահովելու տեսակետից Կառավարությանը նույնիսկ ձեռնտու է ներքին շուկայում ներկրվող գարեջրի սպառման ավելացումը, քանի որ 1 լ-ի համար վճարվում է նաև Դ50 մաքսատուրք: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում