Գլխավոր Լրահոս

Մարտահրավերներ բարեկամ երկրներից

Մարտահրավերներ բարեկամ երկրներից
Հայաստանի երկու բարեկամ երկրները՝ Իրանն ու Սիրիան, ապրում են իրենց պատմության բարդագույն փուլերից մեկը: Այս երկու երկրների հետ Հայաստանի հարաբերություններում շատ ընդհանրություններ կան. նախ՝ Իրանն ու Սիրիան ռազմավարական դաշնակիցներ են Մեծ Մերձավոր Արևելքում և ունեն ընդհանուր շահեր: Երկուսն էլ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Երկու երկրներում Մերձավոր Արևելքի ամենահայաշատ համայնքներն են՝ Լիբանանից հետո: Արդեն վեց ամիս է, ինչ Արաբական գարնան ալիքը ալեկոծում է Սիրիան: Եթե սկզբում ժողովրդական հուզումների հիմնական պահանջը բարեփոխումներն էին, այսօր արդեն նախագահ Բաշար Ասադի հրաժարականն է: Վերջին մի քանի օրերին զարգացումները բոլորովին նոր փուլ են մտել. Արաբական պետությունների լիգան սառեցրել է Սիրիայի անդամակցությունը և սպառնացել պատժամիջոցներ կիրառել, եթե Ասադը երեք օրվա ընթացքում չդադարեցնի բռնությունները բնակչության նկատմամբ: Առավել վտանգավոր է բանակից զինված դասալիքների թվի աճը, որոնք միանում են կառավարության դեմ գործողություններին: Սա քաղաքացիական պատերազմի լուրջ վտանգ է, որին կարող է նպաստել նաև Սիրիայի բազմակոնֆեսիոնալ կառուցվածքը: Քաղաքացիական պատերազմի որևէ դրսևորում անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ հայ համայնքի վրա: Նախօրեին հեռախոսազրույց էր կայացել Հայաստանի և Իրանի նախագահների մակարդակով, ինչը հազվագյուտ երևույթ է հայ-իրանական հարաբերություններում: Անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից հետո, որտեղ Իրանն անուղղակի մեղադրվում է միջուկային զենք ձեռք բերելու մտադրության մեջ, չեն բացառվում նոր տնտեսական պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: Ակտիվացել են նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական միջամտության շուրջ խոսակցությունները: Այս պայմաններում նախատեսված է Իրանի նախագահի այցը Հայաստան: Երևանը պետք է հստակ հրապարակային դիրքորոշում արտահայտի, որն ընդունելի լինի միջազգային հանրության համար, և չնեղացնի Իրանին: Զարգացումները Սիրիայում և Իրանում հետևանքներ կունենան ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Առավել խոցելի դիրքում կարող են հայտնվել այդ երկրների հայ համայնքները: Անկախության քսան տարիների ընթացքում Հայոց պետության համար թերևս ամենալուրջ մարտահրավերներից մեկն է այժմ նետված՝ պատրաստվել պաշտպանել ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև վտանգի սպառնալիքի տակ հայտնվող հայերի շահերն ընդհանրապես: Հայոց պետությունը ՊԵՏՔ է դա անի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում