Գլխավոր Լրահոս

Դրամը Ամանորի է պատրաստվում

Դրամը Ամանորի է պատրաստվում

Ըստ Կենտրոնական բանկի արտարժութային շուկայի շաբաթական ամփոփ տվյալների՝ նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է $79,7 մլն (Դ383,8/$1 միջին փոխարժեքով) և վաճառվել է $90,6 մլն (Դ385,17/$1 միջին փոխարժեքով): Բացի այդ՝ «Նասդաք ՕէՄԷՔՍ Արմենիա» բորսայում վաճառվել է $16,75 մլն (Դ384,56/$1 միջին փոխարժեքով):

Համեմատության համար նշենք, որ նոյեմբերի 7-11-ը ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է $62,1 մլն, վաճառվել է $72,4 մլն, իսկ բորսայում վաճառվել է $13,99 մլն:

Նշված ծավալներից երևում է, որ այս շաբաթ նախորդ շաբաթվա համեմատ տնտեսավարողների և քաղաքացիների կողմից դոլարի պահանջարկի ավելացումը պայմանավորված է նախատոնական ներկրումների նախապատրաստումով, ինչպես նաև դրամի հետագա ճակատագրի անորոշություններով։

Ինչպես անցած, այնպես էլ այս շաբաթ ներբանկային շուկայում բանկերն ավելի շատ դոլար են վաճառել, քան գնել, ինչը նշանակում է, որ պահանջարկի բավարարման համար օգտագործվել է նաև արտարժութային իրացվելիություն։

Հոկտեմբերի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի 15-ը դրամն արժեզրկվել է: Թերևս առկա պահանջարկի պայմաններում բանկերը թելադրել են իրենց «գինը»: Դրա մասին խոսում է նոյեմբերի 16-ին բորսայում իրականացված գործարքների ծավալն ու միջին փոխարժեքը։

Եթե նոյեմբերի 15-ին բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է Դ385,45, իսկ վաճառված ծավալը՝ $2,2 մլն, ապա հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, միջին փոխարժեքը նվազել է մինչև Դ385,03, իսկ գործարքների ծավալը կազմել է $4,6 մլն: Դրամի արժևորումը պահպանվել է նաև նոյեմբերի 17-ին և 18-ին:

Դրամի արժեզրկման տեմպի կանխումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է ԿԲ-ի դոլարային ինտերվենցիաներով և, չի բացառվում, բանկերի հետ բանավոր պայմանավորվածությամբ։ ԿԲ-ի միջամտության չափերը և բանկերի հետ հնարավոր պայմանավորվածության արդյունավետությունը պարզ կլինի արդեն մյուս շաբաթ։

Իհարկե, ԿԲ-ն այնքան էլ դեմ չէ դրամի արժեզրկմանը, քանի որ այն, ըստ մի շարք փորձագետների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, գերարժևորված է մոտ 15%-ով, բայց մոտ մեկ ամիս ընթացող արժեզրկման գործընթացի նույն տեմպով շարունակությունը կարող է ձնագնդիի էֆեկտ ունենալ։ Խնդիրն այն է, որ տնտեսության դոլարիզացիայի ներկայիս մակարդակի պայմաններում խուճապային տրամադրությունները կարող են փոխարժեքը, ինչպես նաև գնաճը դուրս հանել ԿԲ-ի վերահսկողության տիրույթից։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում