Պարզվում է՝ միջնաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսության գլխավոր սպառնալիքը ոչ թե ճգնաժամի երկրորդ ալիքն է, նավթի կամ այլ օգտակար հանածոների նվազող պաշարները, այլ կանանց համատարած պակասը: Բժշկության զարգացմանը և առողջ ապրելակերպին զուգահեռ՝ տղամարդկանց կյանքի տևողությունը երկարել է:
Այս ամենի հետևանքով զարգացած երկրներում կանանց և տղամարդկանց թվային հարաբերակցության միջև տարբերությունը հետզհետե կրճատվում է, ինչի արդյունքում ավելի ակնհայտ է դառնում կանանց պակասը:
Իրավիճակը է՛լ ավելի է բարդացնում այն, որ որոշ երկրներում, ինչպես օրինակ Հնդկաստանում և Չինաստանում, արու զավակ չունեցող ընտանիքը համարվում է ոչ ամբողջական՝ թերի, ինչի պատճառով ապագա մայրերն ընդհատում են հղիությունը՝ նախապես իմանալով, որ իգական սեռի երեխա է ծնվելու։ Վերջերս մի շարք հրապարակումներ են եղել այս խնդրի վերաբերյալ։
Science ամսագրի թղթակից Մարա Հվիստենդալի «Ոչ բնական ընտրություն. ավելի լավ է տղա, քան աղջիկ, և ինչպիսին կլինի տղամարդկանցով լի աշխարհ», Deutsche Bank-ի փորձագետ Սանջիվա Սանյալի «Վերջ բնակչության աճին» հոդվածները և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հաշվետվությունն ու առաջարկություններն անդրադառնում են այս խնդրին՝ ընդգծելով դրա հրատապությունը:
ԵԽԽՎ-ն հիշեցնում է, որ Ալբանիայում, Հայաստանում և Ադրբեջանում 1120 նորածին տղաներին բաժին է ընկնում 1000 նորածին աղջիկ, իսկ Վրաստանում 1110 տղաներին՝ 1000 աղջիկ: Հետևաբար պետք է քայլեր ձեռնարկել այդ հարաբերությունը նվազեցնելու ուղղությամբ:
Ինչու է սեռերի հարաբերակցության հարցն այդքան մտահոգում ԵԽԽՎ-ի և Deutsche Bank-ի փորձագետներին: Պարզվում է, որ կանանց պակասը տնտեսական խնդիր է:
Առաջին հերթին՝ կանանց՝ երեխա ծնելու հաճախականությունը և տարիքը շատ սահմանափակ է, իսկ կանանց ոչ բավարար քանակի դեպքում անգամ չափազանց խիտ բնակեցված երկրները ուշ թե շուտ կանգնելու են ծնելիության պակասի խնդրի առաջ: Հենց այս վտանգն է այսօր սպառնում Չինաստանին: Իհարկե, դա տեղի չի ունենա մոտ ապագայում, սակայն ներկայիս միտումների պահպանման դեպքում երկրագնդի վրա կյանքը կվերանա մինչև 3500թ.:
Երկրորդ՝ չնայած կանանց պակասը խթանում է ձեռնարկատիրական գործունեությունը, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների անբավարար քանակը գլոբալ անհամաչափության և, ի վերջո, ներկայիս տնտեսական ճգնաժամի պատճառն է:
Ըստ Մարա Հվիստենդալի՝ «ոչ բնական ընտրությունը» մեր մոլորակը կվերածի Վայրի Արևմուտքի: Ամուրի տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակն ավելի շատ է, քան ամուսնացածների մոտ, ինչը հանգեցնում է չարդարացված բռնության, հանցագործության և ալկոհոլի օգտագործման:
Բացի դրանից՝ եթե կանանց թիվը շարունակ նվազի, դա կհանգեցնի նրանց առուվաճառքի աճին:
Կկարողանա՞ արդյոք մարդկությունը խուսափել գենդերային անհավասարությունից, և եթե դա չհաջողվի, ինչի՞ կբերի տղամարդկանց ավելցուկը: Այս հարցերն արդեն իսկ մտահոգում են միջազգային հանրությանը:
Civilnet











