Գլխավոր Լրահոս

Վստահության ճգնաժամ

Վստահության ճգնաժամ
Երեկ հաղորդվեց, որ մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք հեռախոսամարաթոնը, և հանգանակված գումարներն ուղղվելու են Տավուշի մարզում գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը և Արցախի գյուղերում խմելու ջրի խնդրի լուծմանը: Երեկ Tert.am-ն էլ հաղորդեց, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը տեղ է զբաղեցրել աշխարհի հինգ թերուս միլիարդատերերի ցանկում: Այս երկու լուրերի միջև ուղղակի կապ, իհարկե, չկա: Սակայն որ Քըրքորյանը հաջողությունների է հասել, հասել է մեծ տեսլականներ ունենալու իր ձիրքի շնորհիվ, մի բան, որ «Հայաստան» հիմնադրամը ներկայում չունի: 1992թ., երբ հիմնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը, այն անկախությունից հետո առաջին համազգային հաստատությունն էր, որն ուներ մեծ տեսլական: Հենց այդ մեծ տեսլականի շնորհիվ կառուցվեց «կյանքի ճանապարհը»՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին: Հիմնադրամն իսկապես ճակատագրակերտ գործառույթ էր ստանձնել 90-ականների դժնդակ տարիներին: Այն ժամանակ բնական էր ակնկալել, որ Հայաստանն իսկապես համայն հայության ներուժը կարողանալու է հակադրել ադրբեջանական նավթին: Ցավոք, դա տեղի չունեցավ: Պատճառները մի քանիսն էին: Սկզբնական շրջանում հիմնականը վստահության խնդիրն էր ՀՀ իշխանությունների նկատմամբ, դժգոհությունը ներհայաստանյան երևույթներից՝ կոռուպցիա, անօրինականություններ և այլն: Հետագայում սրանց գումարվեց հարուստ խավի և օլիգարխիայի հարցը, որոնք իրենց ցոփ ու շվայտ կյանքով աչք էին ծակում Սփյուռքում, բայց մասնակցություն չէին ունենում Հայաստանի զարգացմանը: Մյուս պատճառն այն էր, որ հիմնադրամի ողնաշարը չդարձան քիչ գումարներ տվող հազարավոր հայերը, և նրանց ներուժն ըստ արժանվույն չգնահատվեց: Գլխավոր պատճառը թերևս այն էր, որ չկար տեսլական, իհարկե ոչ թե ծրագրերի ընտրության առումով, այլ դրանց փաթեթավորման և Սփյուռքին ներկայացնելու (օրինակ՝ Արցախի Հյուսիս-Հարավ ճանապարհի համար չորս տարի հանգանակություն կազմակերպվեց): Այս ամենի արդյունքում նվազեց վստահությունը ոչ միայն հիմնադրամի, այլև ընդհանրապես Հայաստանի նկատմամբ: Վառ ապացույցը Քըրքորյանն է, որը դադարեցրեց «Լինսի» հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և այնտեղ մնացած $200 միլիոնը նվիրաբերեց Կալիֆոռնիայի համալսարանին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում