Չարագործներին «պատժեցին»

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տնտեսավարողներին ասաց, թե քանի որ խախտումները վերացվել են, դրա համար տուգանքի չափը ավելի փոքր է։ Բայց այդպես էլ անհայտ է, թե որքան ժամանակ են տնտեսավարողները մոլորեցրել սպառողներին և դրա արդյունքում ինչ եկամուտներ են ստացել։
Երեկ ՏՄՊՊՀ նիստին Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին իրականացված մոնիտորինգի արդյունքներով հանձնաժողովն արձանագրել էր, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գների միջև կան խիստ էական տարբերություններ: Խոշոր սուպերմարկետներում 1 կգ կարագը վաճառվում էր Դ920-ից մինչև Դ3 հազ.:
Ուսումնասիրելով կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողների ողջ փաստաթղթաշրջանառությունը, կատարելով լաբորատոր փորձաքննություն՝ ՏՄՊՊՀ-ն հայտնաբերել է, որ տնտեսավարողները կարագի փոխարեն վաճառել են բուսական ծագում ունեցող սփրեդ: Իրավախախտումները կատարվել են երկու ճանապարհով:
Մի դեպքում տնտեսավարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առևտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Մյուս դեպքում սուպերմարկետը, մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել է որպես կարագ:
Երեկ կայացած նիստին ՏՄՊՊՀ-ն որոշեց ներկրող և արտադրողներ ընկերություններին՝ «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» և «Արդիս», անբարեխիղճ մրցակցության՝ սպառողներին մոլորեցնելու համար յուրաքանչյուրին տուգանել Դ3 մլն-ի չափով։
Նույնչափ տուգանք նշանակվել է նաև հինգ խոշոր սուպերմարկետների նկատմամբ՝ «Ալեքս Գրիգ» («Երևան սիթի»), «ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք», որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են կարագի փոխարեն:
Տնտեսավարողներին ընդհանուր առմամբ 30 մլն-ի չափով տուգանելուց հետո ՏՄՊՊՀ-ն հեռու չգնաց։ Ինչպես նախորդ դեպքերում, երեկ նույնպես «Ալեքս Գրիգ»-ի ներկայացուցիչը չէր ներկայացել։ Մյուս սուպերմարկետների ներկայացուցիչներն ընդունեցին իրենց մեղքը, բայց ուշագրավ էին նրանց պարզաբանումները՝ «սփրեդը կարագի փոխարեն վաճառվել է խանութի աշխատակիցների մեղքով, և խնդիրը վերացվել է»։ Եվ այս պարզաբանումը հանձնաժողովի կողմից ընդունվեց։
ՏՄՊՊՀ նիստին չնշվեց, թե որքան ժամանակ են տնտեսավարողները սփրեդը կարագի փոխարեն վաճառել, ինչ եկամուտներ են ստացել, և որքանով է տուգանքի չափը համահունչ ստացված եկամուտներին։ «Նոր Զովք»-ի գլխավոր հաշվապահ Մերուժան Օվսեյանը նիստին հայտարարեց, թե սփրեդի վաճառքից գերշահույթներ չեն ստացել, բայց կոնկրետ թվեր չնշեց:
Նիստից հետո ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը «Օրակարգ»-ին ասաց, որ տուգանքի չափը նշանակելիս հանձնաժողովը հաշվի է առել իրավախախտման բնույթը՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն: «Հանձնաժողովը չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե որքան ժամանակ են տնտեսավարողները սփրեդը իրացրել կարագի փոխարեն, ինչ եկամուտներ են ստացել, քանի որ դրա միակ աղբյուրը տնտեսավարողների կողմից ներկայացված տեղեկատվությունն է», – ասաց ՏՄՊՊՀ ներկայացուցիչը։
Անպատասխան հարցեր
Նշենք, որ ըստ ՏՄՊՊՀ հաղորդագրության՝ բուսական ծագում ունեցող սփրեդի 1 կգ-ը կարագից էժան է ավելի քան Դ1 հազ-ով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ստացվում է, որ Դ30 մլն տուգանքը հավասարաչափ է 30 տոննա կարագի փոխարեն սփրեդի վաճառքից ստացված գումարին։
Եթե հաշվի առնենք նաև, որ Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 5 հազ. տոննա կարագ, կամ օրական Հայաստանում իրացվում է մոտ 13 տոննա կարագ, ապա ստացվում է, որ Դ30 մլն տուգանքը տնտեսավարողները կարող էին վաստակել ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։
Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող արտաքին առևտրի հաշվետվությունից հնարավոր չէ պարզել, թե որքան սփրեդ է ներկրվել այս ժամանակահատվածում։ Բայց մյուս կողմից, ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, 0405 ծածկագրի (կարագ; կաթնային մածուկ) ապրանքների ներկրումը անցած տարվա ինը ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է մոտ 5 անգամ. ներկրվել է 3,55 հազ. տոննա՝ $10,5 մլն ընդհանուր մաքսային արժեքով։
Ուշագրավ է, որ ՏՄՊՊՀ-ն հարուցած վարույթի շրջանակում չի փորձել պարզել, թե ինչպես է ստացվել, որ միևնույն վարքագիծը ցուցաբերել են տասը տնտեսավարողներ։ Հանձնաժողովը նաև չի փորձել խնդիրն ավելի մանրակրկիտ ուսումնասիրել և պարզել, թե արդյոք այստեղ չի եղել տնտեսավարողների գաղտնի համաձայնություն։
Չի բացառվում նաև, որ ներկրող ընկերությունները գնացել են նման քայլի, քանի որ շուկայում առկա է գերիշխող դիրք ունեցող ընկերություն՝ «Ալեքս Գրիգ» (մասնաբաժինը կարագի շուկայում՝ 35,04%), և սփրեդը կարագի փոխարեն վաճառելը անարդար մրցակցության հետևանք է։
Civilnet










