Անցած հանգստյան օրերին Իսպանիայում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում այս երկրում 2004-ից իշխող Սոցիալիստական կուսակցությունն արձանագրեց վերջին 30 տարվա վատագույն ցուցանիշը, որին հետևեց Սապատերոյի կառավարության հրաժարականը (տե՛ս «Էստաֆետն անցավ Իսպանիային» հոդվածը)։
Այս տարեսկզբից Իսպանիան եվրոգոտու արդեն հինգերորդ պետությունն է, որտեղ կառավարությունը հեռանում է տնտեսական ձախողումների համար:
Եվրոգոտու երկրներում տեղի ունեցող այս փոփոխությունների հիմքում երկու հիմնական պատճառ կա. կա՛մ իշխող կուսակցությունն իր ձախողումների պատճառով կորցնում է մեծամասնությունը խորհրդարանում, կա՛մ պետպարտատոմսերի շուկան է պարտադրում կառավարության հրաժարականը (իսպանական բոնդերի գները (ի տարբերություն հայկականի, որը սահմանում է ԿԲ-ն) որոշվում է միջազգային շուկայում):
Քաղաքական ճգնաժամերը ցանկացած նորմալ ժողովրդավարական պետության օրինաչափ դրսևորումներից են: Քաղաքատնտեսության պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկրների համար դրանք ունեն կարևոր ինքնաախտահանիչ հատկություն. յուրաքանչյուր նման ճգնաժամից երկրները դուրս են գալիս ավելի ուժեղացած, իսկ պարտված կուսակցությունները՝ ավելի փորձառու:
Հայաստանում 2008թ. նախագահական ընտրություններից հետո բոլորը խոսում են քաղաքական ճգնաժամի մասին: Սակայն քաղաքական ճգնաժամ՝ դասական իմաստով, ցավոք չի եղել ու չի կարող լինել, քանի դեռ քաղաքական համակարգն իր մեջ չի պարունակում այն սերմերը, որոնք կարող են ծնել երկրի զարգացման համար այդքան անհրաժեշտ քաղաքական ճգնաժամերը:
Եթե Հայաստանը լիներ նորմալ ժողովրդավարական պետություն, որի քաղաքական համակարգը հիմնված լիներ հակակշիռների մեխանիզմի վրա, իսկ պետպարտատոմսերի գինը որոշվեր միջազգային շուկայում, ապա առնվազն 1999թ. վերջերին անխուսափելի կլիներ կառավարության հրաժարականը:
Հայաստանում «հրաժարական» բառը քաղաքական ուժերի մոտ զուգորդվում է «վախճան» բառի հետ: Թերևս դա էր պատճառը, որ 9% աճ կանխատեսող կառավարությունը, ստանալով 15% անկում, շարունակում է գործել:
Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն իսկապես կարող են անկյունաքարային լինել դասական ժողովրդավարական պետություն դառնալու ճանապարհին, եթե իշխող վերնախավն իր քաղաքականության հիմքում դնի ոչ թե վերարտադրության, այլ երկիրը առաջ տանելու խնդիրը: