Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՊԵԿ-ի հետաքննչական վարչության աշխատակիցներն անակնկալ այցելել էին ՀԷՑ՝ համարելով, որ ՀԷՑ-ը ԱԱՀ-ի, եկամտահարկի և շահութահարկի գծով չի վճարել ընդհանուր առմամբ Դ1,9 մլրդ, ներառյալ՝ տույժերն ու տուգանքները (տե՛ս «Օրակարգ», 23.10.2011թ., «Հարկայինը այցելել է ՀԷՑ և Դ1,9 մլրդ է պահանջում»):
«Մենք հույս ունենք, որ ՊԵԿ-ը կառուցողական մոտեցում կդրսևորի, քանի որ մենք միշտ կառուցողական հարաբերություններ ենք ունեցել հարկային ծառայության հետ, և հույս ունենք, որ այս գործընթացը կընթանա գործող օրենսդրական ակտերին համապատախան»,– ասել է Բիբինը:
Նա նշել է, որ ՀԷՑ-ը վարչական կարգով վիճարկում է ՊԵԿ-ի առաջադրած պահանջները՝ համարելով, որ վերոնշյալ գումարների բռնագանձումը հիմնավորված չէ և չի համապատասխանում օրենսդրությանը: Ներկայում բողոքը ՊԵԿ-ի վերաքննիչ հանձնաժողովում է: Ըստ Բիբինի՝ խնդիրն այն է, որ հարկային օրենսդրության ոչ հստակ ձևակերպված դրույթները յուրաքանչյուր կողմ՝ և՛ ՀԷՑ-ը, և՛ հարկային ծառայությունը, յուրովի է մեկնաբանել:
Բիբինի խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շնորհիվ ՀԷՑ-ը կարողացել է ապացուցել ՊԵԿ-ի պահանջների անօրինականությունը: Բաից այդ, ըստ նրա, ՀԷՑ- ի դիրքորոշումն ամրապնդվում է Ֆինանսների, Արդարադատության նախարարությունների մեկնաբանություններով, ինչպես նաև միջազգային ճանաչված աուդիտորական ընկերությունների եզրակացություններով:
Բիբինի խոսքով՝ ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը շուտափույթ լուծում է պահանջում, քանի որ ներկա իրավիճակը բարդացնում է փոխհարաբերությունները վարկատուների, գործընկերների, ներդրողների հետ, որոնք անընդհատ բացատրություններ են պահանջում:
«Այդ ամենի հետ մեկտեղ՝ մենք մեր հաշվի վրա սառեցրել ենք հարկայինի պահանջած գումարը, որպեսզի այլ սցենարի դեպքում չխախտենք ընկերության ֆինանսական կայունությունը: Իսկ դա մեր շրջանառու կապիտալից բավական միջոցներ է պահանջել»,– ասել է նա:
ՊԵԿ-ը, ըստ Բիբինի, պահանջում է հարկ վճարել նաև այն ֆիզիկական բաժանորդների մասով, որոնք պարտք են ՀԷՑ-ին: «Հարկային մարմինը պահանջում է հարկեր վճարել այն ֆիզիկական անձանց գծով, որոնք մեզ չեն վճարել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց և պարտքեր ունեն: Բացի դրանից՝ հարկայինը համարում է, որ անհրաժեշտ է դուրս գրել պարտքային գումարը և դրանից վճարել շահութահարկ այն մարդկանց գծով, որոնց պարտքերը մենք ներել ենք»,– ասել է Բիբինը:
Ընկերության տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը ՀԷՑ-ին պարտք է մոտ Դ3 մլրդ, որից Դ1,2 մլրդ-ն առաջացել է 2002- 2008 թթ. ընթացքում: Ըստ Բիբինի՝ ՀԷՑ-ը բնակչության կողմից պարտքերի մարման գործընթացում չի դիմում ծայրահեղ միջոցների, ինչպիսին է, օրինակ, դատարանի միջոցով գումարների բռնագանձումը, մինչդեռ առաջիկա հինգ տարվա ընթացքում ՀԷՑ-ը նպատակ է դրել լուծել պարտքերի հետ կապված խնդիրը:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀԷՑ-ը վճարել է շուրջ Դ7,6 մլրդ-ի հարկեր՝ անցած տարվա նույն ժամանակահատվածից 30%-ով ավելի։ ՀԷՑ-ի 100% բաժնեմասը պատկանում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը:
Civilnet











