Գլխավոր Լրահոս

Դառնալ ավելի հրապուրիչ, քան Սիբիրը

Երեկվա հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով վերջին հրաժարականների թեմային, իրավացիորեն ցույց տվեց Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական արատը՝ մեկ անձից կախված լինելու հանգամանքը:

Նախօրեին էլ Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը հոդված էր հրապարակել՝ նշելով, որ Հայաստանի բնակչությունը սպառվում է, և որ Ռուսաստանն իր ժողովրդագրական խնդիրները փորձում է լուծել իր դաշնակցի՝ Հայաստանի հաշվին:

Նոյեմբերի 21-ին Միգրացիոն պետական ծառայությունը հրապարակեց այս տարվա տասը ամիսների միգրացիոն պատկերը, որտեղ բացասական սալդոն կազմում է 81499 մարդ: Անցյալ տարի այս ցուցանիշը եղել է 58248, 2009թ.՝ 54349:

Ընդհանրապես, արտագաղթը կարծես դարձել է մամուլի և քաղաքական ուժերի շահարկման թեմա, և իշխանությունները լուծումներ փնտրելու փոխարեն հակադարձում են ընդդիմությանն ու փորձում չնկատել խնդրի լրջությունը: Ժողովրդագրական խնդիրները խոր արմատներ ունեն, որոնք հիմնականում ներսում է պետք փնտրել՝ փորձելով հասկանալ այն մարդկանց, որոնք հեռանում են երկրից:

Իսկ ովքե՞ր են հեռանում. հեռանում են նրանք, ովքեր վատ սոցիալական պայմաններում են և վիճակից ելքը դրսում են տեսնում; նրանք, ովքեր թեև սոցիալական խնդիրներ չունեն, բայց չեն հավատում երկրի ապագային; նրանք, ովքեր խուսափում են բանակում ծառայելուց վատ բարքերի պատճառով, ընդ որում՝ ծնողների համաձայնությամբ ու նախաձեռնությամբ:

Արտագաղթը կանգնեցնելու լավագույն միջոցը կլինի այն, որ իշխանությունները գիտակցեն և ընդունեն խնդրի լրջությունը՝ դրա դեմն առնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկելով:

Ներսում քայլերը շատ հստակ են՝ օրենքի իշխանության հաստատում և կոռուպցիայի վերացում, ազատ մրցակցության ապահովում, բանակի հղփացած սպայակույտի սանձում, – այս ամենը կնպաստի ամենակարևորին՝ կվերականգնի մարդկանց ՀԱՎԱՏԸ սեփական երկրի նկատմամբ:

Դրսում առաջին հերթին պետք է աշխատել Ռուսաստանի հետ, և դա պետք է դառնա արտաքին քաղաքականության չբարձրաձայնվող, բայց օրակարգային խնդիրներից մեկը: Հայաստանը թերևս ունի այդ արժեքը Ռուսաստանի համար, որպեսզի վերջինիս կարողանա հետ կանգնեցնել Սիբիրը հայերով բնակեցնելու ծրագրերից:

Յուրաքանչյուր հաջորդ օր Հայաստանն ավելի սակավամարդ է դառնում: Ավելի մեծ մարտահրավեր պետության առջև թերևս չկա: Հարկավոր է գործել հենց հիմա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում