Գլխավոր Լրահոս

Շրջապտույտից դուրս գալու ճանապարհը

Երեկվա հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով վերջին հրաժարականների թեմային, իրավացիորեն ցույց տվեց Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական արատը՝ մեկ անձից կախված լինելու հանգամանքը:

«....Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առանց բացառության բոլոր դեպքերում հրաժարականները եղել են ոչ թե ինքնակամ, այլ հարկադրական, այն էլ՝ ոչ թե գաղափարական կամ քաղաքական, այլ բացառապես ուրիշ նկատառումներով։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ նաև, որ հարկադրանքը բխել է երկրի գործող նախագահից։ Իսկ դա վկայում է, որ թե՛ Ազգային ժողովի և թե՛ Երևանի ավագանու ղեկավարները ոչ թե ընտրվել, այլ նշանակվել են, որովհետև եթե իրոք ընտրված լինեին, ոչ մի նախագահ նրանց չէր կարող սեփական հայեցողությամբ պաշտոնանկ անել»,– ասաց ՀՀ առաջին նախագահը։

Հայաստանի ներկայիս քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հիմքում իսկապես ընկած է օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների միջև առկա լղոզումը, երբ առաջին երկուսն ըստ էության դարձել են վերջինի շարունակությունը՝ չապահովելով պետության և հասարակության զարգացման համար այդքան անհրաժեշտ հավասարակշռությունը:

Իշխող էլիտայի՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու քաղաքական կամքի բացակայությունը պետությանն ու հասարակությանը մտցրել է մի շրջապտույտի մեջ, որտեղ էլիտայի համար գերնպատակը ոչ թե երկրի զարգացումն է, այլ ինքնավերարտադրումը:

Տեր-Պետրոսյանը թերևս ճիշտ համեմատություն կատարեց՝ Իջևանի քաղաքապետի ընտրությունները որակելով «ճաք իշխանական բուրգի ներսում», որը սպառնում է «խարխլել ռեժիմի հիմքերը և երկրում բոլորովին նոր իրավիճակ ստեղծել՝ արմատապես փոխելով քաղաքական ուժերի դասավորությունը և հող նախապատրաստելով ընդդիմադիր դաշտի ընդլայնման համար»։ Նա, ըստ էության, ԲՀԿ-ին կրկին հորդորեց ՀԱԿ-ի հետ միասնական ճակատ կազմել երկրում իրավիճակը փոխելու համար...

Անկախ նրանից, թե ինչ քաղաքական կոնֆիգուրացիաներ կլինեն առաջիկա ամիսներին, Հայաստանի քաղաքական ուժերի համար (այդ թվում, որքան էլ հակասական հնչի՝ ՀՀԿ-ի) պետք է գերնպատակ լինի ամեն գնով արդար ընտրությունների անցկացումը, որի միջոցով է միայն հնարավոր հասնել իշխանությունների տարանջատմանը և երկրում ազատ քաղաքական մրցակցային դաշտ ձևավորելուն:

Շրջապտույտից դուրս գալու միակ ճանապարհը դա է...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում