Ըստ Iran.ru կայքի՝ «Իրանի երկաթուղի» ընկերության միջազգային գործերի և ներդրումների դեպարտամենտի տնօրեն Աբաս Նազարին ասել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է մասնակցել Ռեշտ-Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթգծի կառուցման նախագծին։
Ըստ նրա՝ այդ նախագծի երկարությունը 175 կմ է, իսկ դրա իրականացման համար կառուցում-գործարկում-հանձնում (Build-Operate-Transfer, BOT) սխեմայով կպահանջվեն $400 մլն-ի ներդրումներ։ Շինաշխատանքների տևողությունը գնահատվում է երկու տարի։
Աբաս Նազարին ասել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղին կառուցվելու է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Ըստ ընդունված որոշման՝ միջազգային խորհրդատվական ընկերության հետ կողմերը կստորագրեն պայմանագիր, որով նախատեսվելու է նախագծի տեխնիկատնտեսական և ֆինանսական արդյունավետության հիմնավորման նախապատրաստում։ Ըստ իրանցի պաշտոնյայի՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի կունենա եռակողմ քննարկում։
Հիշեցնենք, որ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագիծն արդեն քննարկվում է ավելի քան հինգ տարի, իսկ 2009թ. Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համաձայնեցրել էին երկաթուղու կառուցման համատեղ կոնսորցիումի ստեղծման ծրագիրը։ Այս տարվա փետրվարին Թեհրանում նույնիսկ ստորագրվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման իրանա-ադրբեջանա-ռուսական եռակողմ փաստաթղթեր, բայց նախագիծն այդպես էլ տեղից չի շարժվում։
Հայաստան-Իրան երկաթուղային նախագիծը, որի երկարությունը գնահատվում է 380 կմ, որից 60 կմ-ը՝ Իրանի տարածքում, նույնպես քննարկվում է արդեն հինգ տարի, բայց այդպես էլ կյանքի չի կոչվում։ Ի տարբերություն իրանա-ադրբեջանա-ռուսական նախագծի՝ հայ-իրանական նախագծի ներդրումները, տարբեր գնահատականներով, կարող են կազմել մինչև $4 մլրդ։ Եվրոպացի մասնագետների հաշվարկներով՝ այս երկաթուղու կառուցման համար կպահանջվի $4 մլրդ, ամերիկացիների հաշվարկներով՝ $1,7-1,8 մլրդ, իսկ հայ և իրանցի պաշտոնյաների հաշվարկներով՝ $1-1,2 մլրդ։
Հայկական նախագիծը թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական տեսակետից մրցունակ չէ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու հետ։ Հայաստանի տարածքով երկաթուղին պետք է անցնի Մեղրի-Սիսիան-Ջերմուկ-Մարտունի-Գավառ-Գագարին ուղղությամբ (երկարությունը՝ 313 կմ), ինչը նշանակում է ցածր արագություններ։
Բացի այդ, եթե Ղազվին- Ռեշտ-Աստարա երկաթուղին կարող է լինել տարանցիկ, ապա Հայաստան-Իրանը՝ դժվար թե։ Հայ-թուրքական սահմանի փակ լինելու, վրաց-ռուսական տարաձայնությունների պայմաններում Հայաստան-Իրան երկաթգիծը չի կարող ծառայել բուն՝ տարանցման նպատակին։
Տարանցիկությունից է կախված նրա ֆինանսական արդյունավետությունը, իսկ անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի և հայ-թուրքական սահմանի փակ լինելու պայմաններում այս երկաթուղին երբեք չի կարող ֆինանսապես արդյունավետ լինել, և դժվար թե օտարերկրյա ներդրողները դրանում հետաքրքրություն ցուցաբերեն:
Civilnet











