Հիմնադրամի խորհրդի նիստին պետք է քննարկվեր նաև Հայաստանին $400 մլն վարկ հատկացնելու հարցը, սակայն այդ մասին որևէ տեղեկություն դեռ չկա: Նշենք, որ նիստին մասնակցում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ նիստին պետք է քննարկվի նաև Հայաստանին վարկ հատկացնելու հարցը: Հունիսի 5-ին Կիևում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից հետո Ռուսաստանի ֆինանսների (արդեն նախկին) նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ հարցը քննարկվելու է նոյեմբերի 28-ին:
Սակայն նոյեմբերի 28-ին ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Ռուսաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Անտոն Սիլուանովը խոսել է Ղրղըզստանին վարկային միջոցներ հատկացնելու հարցի քննարկումը հետաձգելու մասին և որևէ բան չի ասել Հայաստանին հատկացվելիք վարկի մասին։
Հիշեցնենք, որ ռուսական «Իզվեստիա» թերթը հոկտեմբերի 26-ի իր համարում, վկայակոչելով Ռուսաստանի Ֆինանսների նախարարության սեփական աղբյուրները, գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզէՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից Հայաստանին $400 մլն վարկ հատկացնել։ Ըստ թերթի աղբյուրի՝ Երևանին մնում է միայն պաշտոնական դիմում ներկայացնել, և գործընթացը կավարտվի մեկ-երկու ամսում:
Ինչպես հայտնի է, նշյալ $400 մլն-ն ուղղվելու է «Նաիրիտ»-ի արդիականացման ծրագրին, և դրա համար հարկավոր են ՀՀ Կառավարության երաշխիքները: Այսինքն՝ վարկի մարման ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՀ Կառավարության ուսերին:
Ներկայիս լռության պայմաններում մնում է ենթադրություններ անել: Հնարավոր է՝ Հայաստանին վարկ տալու հարցն ընդհանրապես չի ընդգրկվել նիստի օրակարգում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հունիսից այս կողմ «Նաիրիտ»-ի խնդիրներն այդպես էլ չեն պակասել, իսկ Հայաստանի Կառավարությունն ի վիճակի չէ դրանց լուծումներ տալ։
Իհարկե, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ներկայում «Նաիրիտ»-ի օպերատոր դառնալու ցանկություն հայտնած գերմանական C.A.C. և ռուսական «Իտեռա» ընկերությունների հետ բանակցություններ է վարում, բայց վերջնական որոշում չի ընդունվել։
Civilnet











