Գլխավոր Լրահոս

Աչքին թոզ են փչում

Աչքին թոզ են փչում

Միջոցների փոշիացմանը հաճախ նպաստում են Կառավարության «որոշումները»՝ հիմնականում շինաշխատանքների հետ կապված։ Ուսումնասիրելով մեկ անձից կատարվող գնումները՝ երևում է, որ այս տարվա ութ ամիսներին (օգոստոսից այս կողմ գնումների վերաբերյալ տեղեկությունները Կառավարության պաշտոնական կայքում բացակայում են) մեկ անձից կատարվել է մոտ 350 գնում, որի ավելի քան 80%-ը շինաշխատանքներ են։ Ընդ որում՝ այդ բոլոր աշխատանքների ձեռքբերումը մեկ անձից հիմնավորվել է որպես անհետաձգելի պահանջ։

Օրինակ՝ անհասկանալի է Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից մեկ անձից ձեռք բերված Դ3,3 մլն շինաշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունները։ Այդ ծառայությունը ՊԵԿ-ը ձեռք է բերել Սիսիանի տարածաշրջանի Տոլորս գյուղում գրանցված «Հուսալի կամար» ընկերությունից։

Այդ ընկերության ծառայությունների ողջ իմաստը լինելու է ՊԵԿ-ի Դիլիջանի ուսումնական կենտրոնի համալիր վերակառուցման աշխատանքների շրջանակում իրականացվող քանդման և արտաքին ջրամատակարարման աշխատանքների տեխնիկական վերահսկումը։ Կնքված պայմանագրում չեն նշվում վերահսկողության հստակ ծավալները, կատարված աշխատանքների որակի չափանիշները։ Կասկածելի է, թե ինչու վերահսկողության օբյեկտը Տավուշի մարզում է, վերահսկողը՝ Սյունիքի մարզում:

Այս տարի Դիլիջանի ուսումնական կենտրոնում իրականացվող Դ334 մլն-ի շինաշխատանքների պատվերը ՊԵԿ-ը նույնպես տվել է մեկ անձի՝ «Սպիտակ տնակ» ընկերությանը, ինչը նույնպես համարվել է անհետաձգելի։

Վիճահարույց մյուս գնումը Գեղարքունիքի մարզպետարանի կողմից մեկ անձից օգոստոսին ձեռք բերված Դ73 մլն-ի շինաշխատանքներն են, որոնք կրկին համարվել են անհետաձգելի։ Խոսքը Գավառի Արծվաքար թաղամասի ոռոգման ցանցի նորոգման մասին է։ Թե ինչու է որոշվել այդ աշխատանքները սկսել օգոստոսին՝ ոռոգման սեզոնի ավարտին, կամ ձեռք բերել «Արտաշես և Տաթևիկ» ընկերությունից, մարզպետարանի փաստաթղթերում չի նշվում։

Այս տարվա օգոստոսի վերջին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մոտ Դ20 մլն-ի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել մեկ անձի կողմից կատարվող գնումների ճանապարհով և այդ մեկ ընկերության՝ «Հորիզոն-95»-ի աշխատանքների վերահսկման համար ձեռք է բերել աշխատանքների վերահսկողության ծառայություն «Տեխհսկիչ» ընկերությունից՝ վճարելով Դ2,7 մլն։

Այս տարի, ըստ Կառավարության և Գլխավոր դատախազության, բավական անհետաձգելի էր դատախազության շենքի հիմնանորոգումը, որը պետբյուջեի վրա արժեցել է Դ65 մլն։ Այդ աշխատանքները նույնպես որոշվել է սկսել օգոստոսի վերջին և նորից դրանք ձեռք բերել մեկ անձից՝ «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշեն» ընկերությունից։

Ուշագրավ է, որ վերոնշյալ բոլոր շինարարական ընկերությունների և վերահսկողություն կատարող ընկերությունների շահույթը չի գերազանցում 11%-ը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում