2012թ. ռիսկերն ավելանում են

BMI-ի կանխատեսման իրականացման դեպքում Հայաստանի Կառավարությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ 2012թ. բյուջեի կատարման առումով:
Ըստ Banks.am-ի՝ այս տարվա համար BMI-ը կանխատեսում է ՀՆԱ-ի 3,4%, իսկ 2012թ.՝ 2% աճ՝ հաշվի առնելով եվրոգոտու ճգնաժամի հետևանքով ներդրումների ծավալի կրճատումը: BMI-ի նախորդ կանխատեսումներով՝ 2011թ. և 2012թ. Հայաստանում տնտեսական աճը կազմելու էր համապատասխանաբար 6,2% և 5,8%:
Ըստ ընկերության՝ նույնիսկ հաշվի առնելով 2009թ. արձանագրված զգալի տնտեսական անկումը (14,5%)՝ Հայաստանի տնտեսական աճի միջին ցուցանիշը 2011-2015 թթ. ժամանակահատվածում բարձր չի լինի և կկազմի 3,3%:
BMI-ը կանխատեսում է, որ կարճաժամկետ հեռանկարում հայկական դրամը կարժեզրկվի մինչև Դ390/$1-ի դիմաց: Դրամի արժեզրկումը տեղի կունենա վճարային հաշվեկշռի վատթարացման, մասնավոր փոխանցումների և զարգացող երկրներից կապիտալի մեծացող արտահոսքի հետևանքով: Միաժամանակ, BMI-ի կարծիքով, դոլարի գինը չի գերազանցի Դ400-ը: Հունիսին հրապարակված նախորդ վերլուծության համաձայն՝ ընթացիկ տարվա վերջին դրամ/դոլար փոխարժեքը պետք է կազմեր Դ350/$1, 2012թ. վերջին՝ Դ340/$1:
Ռիսկեր
Տնտեսական աճի այս կանխատեսումները հնարավոր է՝ դեռ վերանայվեն: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի գալիք տարվա բյուջեի հիմքում Կառավարությունը դրել է տնտեսական աճի բավական լավատեսական ցուցանիշ՝ 4,2%, որի հետ է կապված նաև 2012թ. պետբյուջեով լրացուցիչ Դ101 մլրդ հավաքագրելու խնդիրը:
Իհարկե, Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի համար 2012թ. կանխատեսել են աճ՝ 4-5%-ի սահմաններում, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 4,3%-ի, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ այդ կանխատեսումները կատարվել են մինչև Moody's-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսման վերանայումը: Կանխատեսումներն արվել են այն ժամանակ, երբ եվրոգոտում խնդիրները դեռևս այդքան չէին խորացել։
BMI-ի կողմից Հայաստանի համար կանխատեսված տնտեսական աճի սցենարի իրականացման դեպքում Կառավարությունն առաջին հերթին կբախվի բյուջեի կատարման խնդրին։ Դ101 մլրդ հավելյալ հարկային մուտքերից մոտ Դ70 մլրդ-ը պետք է ապահովվի 4,2% տնտեսական աճի և 4,5% գնաճի շնորհիվ: Հասկանալի է, որ տնտեսական աճի դանդաղումը 2,2-տոկոսային կետով մոտ Դ35 մլրդ լրացուցիչ հարկահավաքման մասով խնդիր է ստեղծելու:
Եթե հաշվի առնենք, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ծախսերն ավելացնել Դ41,5 մլրդ-ով և միևնույն ժամանակ բյուջեի դեֆիցիտը կրճատել Դ16 մլրդ-ով, ապա Կառավարությունը պետք է ընտրություն կատարի ծախսերի և պակասուրդի միջև։
Ավելացնելով պակասուրդի ծավալը Դ35 մլրդ-ով և հասցնելով գրեթե 2010թ. մակարդակին՝ Դ174 մլրդ (2012թ. համար ծրագրվում է Դ132,5 մլրդ-ի չափով)՝ Կառավարությունը նոր խնդիրներ կստեղծի, քանի որ բյուջեի պակասուրդը կկազմի 3,8% կամ գրեթե այնքան, որքան ծրագրված է այս տարվա համար՝ ՀՆԱ-ի 3,95%:
Գալիք տարի չկրճատելով պակասուրդը մինչև ՀՆԱ-ի 3,1%-ը՝ Կառավարությունը նախ խնդիր է ունենալու միջազգային ֆինանսական ինստիտուտներից նոր վարկեր ներգրավելու հարցում, բացի այդ՝ վարկանշային գործակալությունները հնարավոր է՝ վերանայեն երկրի վարկանիշը։ Չկրճատելով պակասուրդը՝ Կառավարությունը դրա ֆինանսավորման համար ներքին շուկայից նախատեսված Դ30 մլրդ-ի փոխարեն պետք է ներգրավի ընդհանուր առմամբ Դ65 մլրդ:
Իհարկե, Կառավարությունը կարող է գնալ ոչ պոպուլյար քայլի՝ ծախսերի կրճատման: Դրա հիմնական ուղղությունը կարող է լինել սոցիալական պաշտպանության ոլորտը, որի համար նախատեսված ծախսերը 2012թ. այս տարվա համեմատ ավելանալու են Դ35,3 մլրդ-ով, կամ պաշտպանության բնագավառը, որի ծախսերն ավելանալու են մոտ Դ15 մլրդ-ով՝ հասնելով Դ153 մլրդ-ի: Բայց հաշվի առնելով, որ և՛ 2012-ը, և՛ 2013-ը ընտրական տարիներ են, Կառավարությունը դժվար թե գնա սոցիալական դժգոհություններ առաջացնող քայլերի։
Հնարավոր է՝ Կառավարությունը որոշի տնտեսական աճի տեմպի «վնասները» փոխհատուցել հարկահավաքման մակարդակի բարձրացման ճանապարհով, հատկապես եթե հաշվի առնենք, որ առկա է ռեզերվ՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմում է ընդամենը 17,36%:
Բայց եթե հաշվի առնենք, որ գալիք տարի Կառավարությունն արդեն ծրագրել է հարկային վարչարարության և առանձին հարկադրույքների բարձրացման միջոցով հավաքագրել մոտ Դ30 մլրդ հավելյալ հարկեր, այդքան էլ պարզ չէ՝ այն կգնա ստվերից լրացուցիչ Դ35 մլրդ հավաքագրելո՞ւն, թե՞ այդ բեռը կընկնի թափանցիկ բիզնեսի ուսերին։
P.S. Հայաստանի հարևանները
Ադրբեջանի համար BMI-ը կտրուկ վերանայել է տնտեսական աճի ցուցանիշը՝ նախորդ կանխատեսման 5,9%-ից մինչև 0,7%՝ դա պայմանավորելով նավթի արդյունահանման հետ կապված խնդիրներով, համաշխարհային տնտեսության միջավայրի վատթարացմամբ:
Ըստ BMI-ի՝ թեև նավթագազային ոլորտում նկատվում է կայուն աճ, Ադրբեջանի իշխանությունների խնդիրն առաջիկա տարիներին ոչ նավթային ոլորտների զարգացումն է լինելու: Ըստ ընկերության՝ 2012թ. ծովի հատակից նավթի արդյունահանման տեխնիկական խնդիրների լուծումը կնպաստի տնտեսական աճի ապահովմանը՝ 3,5%-ի մակարդակում, թեև նախկինում կանխատեսվում էր 6% աճ։
BMI-ը 2012թ. համար Վրաստանի տնտեսական աճի ցուցանիշը 6,3%-ից նվազեցրել է մինչև 1,1%, ինչը պայմանավորված է արտաքին պահանջարկի նվազումով, ինչպես նաև հիմնական կապիտալում ներդրումների հնարավոր կրճատումով։ BMI-ի մասնագետներն արձանագրում են, որ Վրաստանում բիզնես միջավայրն ավելի գրավիչ է, քան հարևան երկրներում։
Civilnet










