Վրաստանից սովորելու պահը
Երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայ-վրացական սահմանը պետք է դառնա նույնքան թափանցիկ, որքան ֆրանս-գերմանական սահմանն է։ «Նման բան արդեն արել ենք Թուրքիայի դեպքում»,– ասել է նա (Tert.am)։
Հայաստանի և Վրաստանի միջև իսկապես բազմաթիվ տարակարծություններ կան, հատկապես աշխարհաքաղաքական կողմնորոշումների մասով: Տարաձայնություններ ունեին նաև Ֆրանսիան ու Գերմանիան Երկրորդ աշխարհամարտից հետո, բայց այսօր ֆրանս-գերմանական դաշինքը Միացյալ Եվրոպայի առանցքն է:
Հայաստանն ու Վրաստանն ունեն նաև բազմաթիվ ընդհանրություններ, որոնցից առավել հատկանշականը մեկ դաշնային պետության սահմաններում խաղաղ ապրելու և նվաճումների հասնելու փառահեղ պատմական անցյալն է: Սա գաղափարախոսական լավ հիմք կարող է լինել երկու երկրների տնտեսական ինտեգրացիայի համար:
Սա մեզ համար հատկապես կարևոր է նրանով, որ Վրաստանի համար այսօր չափազանց մեծ է իրենից կուլտուրապես ավելի հեռու Ադրբեջանից և Թուրքիայից եկող ինտեգրացիայի ձգողականությունը, որի նպատակը տարածաշրջանում Հայաստանի մեկուսացումն է:
Վրաստանն աշխարհագրորեն Հայաստանի համար կենսական գործընկեր է, որի հետ հարաբերությունների կարևորությունը համադրելի է հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին: Ուստի, եթե Սաակաշվիլին առաջարկում է թափանցիկ սահմաններ, Հայաստանը պետք է ավելին առաջարկի՝ ընդհանուր տնտեսական դաշտ:
Անկախ ամեն ինչից՝ Վրաստանն այսօր բազմաթիվ չափանիշներով առաջ է անցել Հայաստանից (և բազմաթիվ հայաստանյան բիզնեսներ տեղափոխվել են այդ երկիր), և մենք նրանցից առնվազն մի քանի բան ունենք սովորելու:
Առաջին՝ ինչպես հաղթահարել կոռուպցիան սոցիալ-կենցաղային և բիզնեսի ոլորտներում:
Երկրորդ՝ ինչպես բարեփոխել ոստիկանական համակարգը և ձերբազատվել հղփացած ոստիկանի կերպարից:
Երրորդ՝ ինչպես աշխարհին ճիշտ մատուցել սեփական երկիրը:
Civilnet










