Հայաստանում ևս այս խնդիրը կա. նոյեմբերի սկզբին «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը հրապարակել էր «Գենդերային անջրպետն աշխարհում» (Global Gender Gap) զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում կանայք միևնույն աշխատանքի դիմաց 31%-ով քիչ են վարձատրվում տղամարդկանցից:
«Կանայք աշխատանքում» զեկույցի համաձայն՝ McKinsey խորհրդատվական ընկերության վերլուծաբանները պարզել են, որ կանանց ներգրավվածությունը մենեջմենթում նպաստում է ընկերության շահութաբերության ավելացմանը: McKinsey-ի վերլուծաբանները նման եզրահանգման են եկել՝ հետազոտելով 230 հանրային և մասնավոր ընկերությունների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեությունը՝ ընդհանուր առմամբ 115 հազ. աշխատակիցների ընդգրկմամբ:
The Economist-ի զեկույցի հեղինակների կարծիքով՝ ղեկավար կանայք ավելի շատ ուշադրություն են դարձնում առաջնորդությանը (leadership), նորամուծությունների ներդրմանը և հաշվետվողականությանը (accountability), ինչը հանգեցնում է ընկերության գործառնական շահույթի և կապիտալիզացիայի աճին:
Եվրոպայի առաջատար 89 ընկերությունների թոփ մենեջմենթի կառուցվածքը վերլուծելով՝ զեկույցի հեղինակները բացահայտել են, որ ավելի շատ կին աշխատակիցներ ունեցող ընկերությունների ֆինանսական ցուցանիշները գերազանցում են ոլորտի միջին ցուցանիշները:
Այսօր աշխարհում 20 կին երկիր է ղեկավարում: Եվրոպայում կանանց մասնակցությունը գործարար կառավարման օղակում 10% է: Սակայն, ըստ զեկույցի, մեծ շեղում կա եվրոպական երկրների շարքում. Պորտուգալիայում այդ ցուցանիշը 1% է, Նորվեգիայում՝ 40% (սկանդինավյան այս երկրում նույնիսկ ներդրված է գենդերային քվոտաների համակարգ):
ԱՄՆ-ում այս ցուցանիշը ավելի բարձր է՝ 16%: Զարգացող երկրներում, սակայն, ցուցանիշը ցածր է. միայն Չինաստանն է, որտեղ կանանց մասնակցության ցուցանիշը համադրելի է եվրոպական միջին ցուցանիշին:
Զեկույցի հեղինակները կանանց և տղամարդկանց վարձատրությունների տարբերությունը բացատրում են նրանով, որ կանայք նվազ հավակնոտ են, ընդ որում՝ ներկայում կանայք ավելի քիչ հավակնոտ են, քան 20 տարի առաջ: Այստեղ դեր է խաղում նաև գործատուների կարծրատիպային մոտեցումը, որոնք տղամարդկանց համարում են առավել արդյունավետ աշխատուժ:
Ըստ «Կանայք աշխատանքում» զեկույցի՝ չնայած մակրոտնտեսական ցուցանիշների վրա աշխատաշուկայում ներգրավված կանանց ազդեցությունը չի հետազոտվել, սակայն McKinsey-ի մասնագետների գնահատականով՝ առանց կանանց ներգրավվածության ԱՄՆ-ի ներկայիս ՀՆԱ-ն 25%-ով պակաս կլիներ:
Գենդերային խտրականություն՝ նաև Հայաստանում
The Economist-ի զեկույցը Հայաստանին չի անդրադառնում: Սակայն այդ ցուցանիշների կողքին հետաքրքրական է դիտարկել Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա «Գենդերային անջրպետն աշխարհում» զեկույցի ցուցանիշները, որտեղ վերլուծվում է նաև համապատասխան իրավիճակը Հայաստանում:
Այսպես, ըստ այդ զեկույցի, Հայաստանն այս տարի, ինչպես և 2010թ., գենդերային հավասարության ցուցանիշով աշխարհի 135 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը (Վրաստանը՝ 86-րդ, Ադրբեջանը՝ 91-րդ, Թուրքիան՝ 122-րդ):
Տնտեսության մեջ կանանց ներգրավվածության ցուցանիշով այդ զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը, կրթության հասանելիությամբ՝ 27-րդը: Առողջապահության ցուցանիշով, որը ներառում է կյանքի տևողության և կանանց ու տղամարդկանց թվաքանակների հարաբերակցության (1,12) ցուցանիշները, Հայաստանը զբաղեցնում է 131-րդ տեղը, իսկ քաղաքական կյանքին կանանց մասնակցության ցուցանիշով՝ 108-րդը:
«Գենդերային անջրպետն աշխարհում» զեկույցի համաձայն՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ունի կանաց 89%-ը, տղամարդկանց՝ 86%-ը: Հայաստանում կրթված կանանց թիվն ավելի մեծ է, բայց աշխատաշուկայում նրանց միջին աշխատավարձը 31%-ով ցածր է տղամարդկանց աշխատավարձից:
Ըստ զեկույցի՝ Հայաստանի ղեկավար օղակներում կանանց ներգրավվածությունը 24% է, միջին օղակներում՝ 65%: Հայ կանայք ակտիվ չեն քաղաքականության մեջ. օրենսդիր մարմնում՝ 9%, գործադիրում՝ 11%:
Civilnet











