Գլխավոր Լրահոս

Ինկոգնիտո կլանում

Ինկոգնիտո կլանում

Հաղորդագրությունը խիստ ուշագրավ է. այնտեղ ո՛չ գումարի չափ է նշվում, ո՛չ էլ ընկերության անունը, որի հետ միաձուլվելու է ADC-ն: «Օրակարգ»-ի հարցմանն ի պատասխան՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի մամուլի ծառայությունը հրաժարվեց նշել ADC-ին տրամադրվող վարկի չափը և կլանվելիք ընկերության անունը՝ ասելով, որ դա առևտրային գաղտնիք է: ADC-ում նույնպես հրաժարվեցին այդ ընկերության անունն ասել՝ խորհուրդ տալով ենթադրություններ անել..., ինչը և անում ենք:

Ինտերնետ ծառայությունների մատակարարման շուկայի կոնսոլիդացիան կարելի է համարել վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների տրամաբանական շարունակությունը: Անցած երկու տարիներին ինտերնետ հասանելիության շուկայում բջջային օպերատորների լայնածավալ գործողությունները ավանդական պրովայդերներին ստիպել են մրցակցությանը դիմագրավելու համար կա՛մ մտածել խոշորացման, կա՛մ շուկայից դուրս գալու մասին։

Անցած տարի շուկայի կոնսոլիդացումն ազդարարեց նույն ADC-ն՝ ձեռք բերելով ինտերնետի մայրուղային (մագիստրալ) օպերատոր FiberNet Communications ընկերությունը։ Հոկտեմբերի սկզբին Ucom ընկերությունը կլանեց ինտերնետի մանրածախ շուկայի երկու խաղորդների՝ Netsys և iCON Communications ընկերություններին։

Հաշվի առնելով, որ ADC-ն ինտերնետ հասանելիության ծառայությունները տրամադրում է լարային տեխնոլոգիաներով՝ օպտիկամանրաթելային մալուխով, ընկերության հիմնական մրցակիցներն են «ԱրմենՏել»-ը (գործում է ինտերնետի թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ ոլորտում և ծառայությունները մատուցում է հեռախոսագծով) և Ucom-ը (ինտերնետ է տրամադրում օպտիկամանրաթելային մալուխով)։ Այս երկու ընկերությունների հետ մրցակցելու համար ADC-ն կա՛մ պետք է բավական սեղմ ժամկետում ընդլայնի ցանցը, որը սահմանափակվում է Երևանի մի մասով, կա՛մ էլ կլանի շուկայի խաղորդներից մեկին, կա՛մ էլ ինքը վաճառվի։

Վերջին մեկ տարում Ucom-ը բավական լայն թափով ընդլայնել է ցանցը և ավելացրել բաժանորդային բազան՝ հաճախ դա անելով «ԱրմենՏել»-ի բաժանորդների հաշվին: Այս պայմաններում որևէ ընկերության համար շատ դժվար է կարճ ժամկետում ընդլայնել ցանցը և մեծացնել բաժանորդային բազան, քանի որ դա շատ ծախսատար և ժամանակատար է:

Մյուս կողմից՝ ինտերնետ հասանելիության շուկայում գրեթե չկան փոքր և միջին պրովայդերներ, որոնց կլանելով՝ ADC-ն կարող է մրցակցել առաջին երկուսի հետ: Այս առումով ինտերնետի մանրածախ շուկայում գրավիչ ակտիվ կարող է լինել Ucom-ը։

Եթե հաշվի առնենք, որ շուկայում մրցակցությանը դիմագրավելու համար վերջինս նույնպես պետք է ընդլայնի ցանցը, նոր բաժանորդներ ներգրավի ներդրումների վերադարձելիությունն ապահովելու համար, ապա չի բացառվում, որ ընկերության բաժնետերերն առաջարկված «լավ գնի» պայմաններում որոշել են հրաժարվել այդ ակտիվից։ Ucom-ում արդեն կատարվել է ավելի քան $10  մլն-ի ներդրում (չեն ներառում ձեռք բերված երկու ընկերությունների ծախսերը): Մեկ բաժանորդի հաշվով դա կազմում է շուրջ $1000։

Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների վերադարձելիության օպտիմալ ժամանակահատված է համարվում 3-5 տարին։ Այսօր մեկ բաժանորդ ներգրավելու համար Ucom-ը ծախսում է $300-500, քանի որ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով իր ծառայությունները մատուցելու համար բաժանորդի մոտ տեղադրում է բավական թանկ սարքավորումներ (շուրջ $400)։

Ցանցի ընդլայնման հնարավորությունը Ucom-ի համար բարդանում է նաև նրանով, որ ընկերությունը գալիք տարի պետք է կատարի հարկային պարտավորություններ՝ ներկրված սարքավորումների մասով: Ucom-ի կողմից ներկրված սարքավորումների համար հաշվարկած ԱԱՀ-ի վճարումը, Կառավարության որոշմամբ, հետաձգվել է մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը։ Խոսքը ֌680  մլն ԱԱՀ-ի մասին է։

Չի բացառվում նաև, որ ADC-ն որոշել է գնել ինտերնետի մագիստրալ մյուս օպերատորին՝ GNC Alfa-ին, որի հնարավոր վաճառքի մասին մայիսին գրել էր ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» թերթը։ Ըստ թերթի՝ ընկերության ձեռքբերման հնարավորությունը քննարկում են ռուսական երեք ընկերություներ՝ MTS-ը, «Ռոստելեկոմ»-ը և «Տրանստելոկոմ»-ը, ինչպես նաև France Telecom-ը։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ GNC Alfa-ն գնահատվում է $50-60 մլն։

Գնելով GNC Alfa-ն, որը ելք ունի դեպի Իրան և Վրաստան և ապահովված է երեք միջազգային կապուղիներով (մեկը՝ հարավում, երկուսը՝ հյուսիսում), ADC-ն կդառնա մեծածախ ինտերնետի շուկայի խոշորագույն ընկերությունը և այդ շուկայում կունենա մեկ մրցակից՝ ի դեմս «ԱրմենՏել»-ի։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում