Պարզունակ ռեակցիաներ
Transparency International միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակել է աշխարհի 182 երկրներում կոռուպցիայի ընկալման ինդեքսը: Հայաստանն այդ վարկանիշում 2,6 բալով զբաղեցրել է 129-րդ հորիզոնականը:
Այս ինդեքսը հետաքրքիր ցուցանիշ է այն առումով, որ կոռուպցիան ինքնին չափելի երևույթ չէ, և շատ կարևոր է, թե հանրությունն ինչպես է ընկալում այդ երևույթը՝ անկախ դրա իրական վիճակից:
Միջազգային հարաբերություններում շատ կարևոր է պետության հզորության ընկալումը: Սառը պատերազմի ողջ ժամանակահատվածում թերևս այդ ընկալումն էր, որ Խորհրդային Միությանն ու Միացյալ Նահանգներին զերծ պահեց փոխադարձաբար միմյանց ոչնչացնելուց: Աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, հակամարտությունները շարունակում են «սառած» մնալ նույնպես ընկալման, ուժի ընկալման պատճառով:
Ինչպես որևէ երկրի կոնկրետ ուժն ու կոռուպցիան հնարավոր չէ ճշգրիտ չափել, այնպես էլ հնարավոր չէ ճշգրիտ չափել որևէ ընտրությունների 100-տոկոսանոց արդյունքը:
Հայաստանը նախընտրական շրջան է մտնում, և հանրության համար այսօր արդեն շատ կարևոր է ազատ և արդար ընտրությունների ընկալումը:
Քաղաքական ներկա իրավիճակը չի նպաստում այդ ընկալման դրական կողմին: Մի կողմից իշխանությունները եվրոպաներում փորձում են այդ ընկալման դրական կողմին նպաստել, մյուս կողմից՝ իրենց գործողություններով հակառակն են ապացուցում՝ դրանով արդեն մինչև ընտրությունները ձևավորելով ընտրությունների արդյունքների բացասական հանրային ընկալում:
Ներկայում նմանատիպ իրավիճակ է: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ մեկ կուսակցության համախոհները երկրի տարբեր քաղաքներում ձերբակալվում են նույն՝ թմրանյութեր պահելու կասկածանքով:
Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հանրային բացասական ընկալմանը նպաստող մեկ այլ օրինակ էր հանրապետության նախագահի պատասխանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին:
Սրանք քաղաքական պայքարի չափազանց պարզունակ մեթոդներ են, որոնք հատուկ են հետամնաց ամբողջատիրական վարչակարգերին ու ամբողջատիրական մենթալիտետին: Ընդ որում՝ գնալով այս մեթոդներն առավել անարդյունավետ են դառնում. ապացույցը՝ Արաբական գարունը:
Իշխանության համար թերևս պահն է փոխելու եթե ոչ իր պարզունակ էությունը, ապա գոնե իմիջը:
Ժողովրդական ասացվածք կա՝ ահը մահից վեր է:
Civilnet










