Գլխավոր Լրահոս

Լռում է ԵվրԱզԷՍ-ը, լռում են գերմանացիները

Լռում է ԵվրԱզԷՍ-ը, լռում են գերմանացիները

Նշենք, որ վարկային միջոցներ հատկացնելու հարցը մոսկովյան նիստի օրակարգում չընդգրկելը ուշագրավ է, եթե հաշվի առնենք հունիսի 5-ին Կիևում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից հետո Ռուսաստանի ֆինանսների (արդեն նախկին) նախարար Ալեքսեյ Կուդրինի հայտարարությունը, որ Հայաստանին $400 մլն վարկ հատկացնելու հարցը կքննարկվի հաջորդ նիստին (Մոսկվայում նոյեմբերի 28-ին կայացած նիստի մասին է խոսքը):

Հայաստանին վարկային միջոցներ հատկացնելու որոշման ընդունման ձգձգումն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք պետք է ուղղվեն «Նաիրիտ»-ի արդիականացման ծրագրի ֆինանսավորմանը: ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին անհրաժեշտ են պետական երաշխիքներ, իսկ ՀՀ Ֆինանսների նախարարությունը կարծես պատրաստ չէ դրանք տրամադրել։

Խնդիրն այն է, որ այդ $400 մլն-ից $146  մլն-ը պետք է ուղղվեր քիմիական հսկայի ընդհանուր պարտքերի (հունիսի դրությամբ) վերաֆինանսավորմանը։ «Նաիրիտ»-ը ԱՊՀ Միջպետական բանկին պարտք է $100  մլն: Եվս $46  մլն ընկերության ընթացիկ պարտքն է (հունիսի դրությամբ): Այս պարտքերը ձևավորվել են կասկածելի պայմաններում, և միջոցների ծախսման արդյունավետությունն ու ուղղություններն այդքան էլ պարզ չեն։

Հայաստանի Կառավարությունը, որին պատկանում է «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 10%-ը, վերջինիս երաշխավորելով, ըստ էության ինքն է դառնում վարկառու՝ ավելացնելով պետպարտքի բեռը։ «Նաիրիտ»-ում ստեղծված վիճակը հստակեցնելու համար այս տարի Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը ստուգումներ է ացնկացրել այնտեղ, որոնց արդյունքները չեն հրապարակվել։

Երկընտրանքի առջև

Ներկայում Կառավարությունը բավական ծանր վիճակում է հայտնվել։ Մի կողմից «Նաիրիտ»-ի 2011-2019 թթ՝ $512 մլն գնահատված զարգացման նոր ծրագրի իրականացումն ամբողջովին կախված է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի վարկային միջոցներից, մյուս կողմից՝ վարկը երաշխավորելու դեպքում Կառավարությունն ավելացնում է պետպարտքի բեռը։ Կառավարությունը չի կարողանում հրաժարվել «Նաիրիտ»-ից նաև, որովհետև խոսքը 3 հազ. աշխատատեղի մասին է։

«Նաիրիտ»-ի խնդիրը միայն վարկային միջոցների ուշանալը չէ: Մինչ այժմ հայտնի չէ այն ընկերության անունը, որը պատրաստ է իրականացնել «Նաիրիտ»-ի զարգացման ծրագիրը։ Հուլիսին հայտարարված «Նաիրիտ գործարան»-ի կառավարման օպերատորի ընտրության «հետաքրքրությունների հայտերի» ներկայացման մրցույթին հայտ էր ներկայացրել միայն գերմանական C.A.C. ընկերությունը։ Ավելի ուշ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ այդ հարցով բանակցում են նաև ռուսական «Իտեռա» ընկերության հետ։

Սակայն առ այսօր հայտնի չէ, թե այդ երկու ընկերությունների հետ բանակցություններն ուր են հասել:

Գերմանացիները լուռ են

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ «Օրակարգ»-ը «Նաիրիտ»-ի հետ կապված հարցեր է ուղղել գերմանական C.A.C-ին, բայց որևէ պատասխան դեռ չկա։ Ընկերության ներկայացուցիչը երեկ հեռախոսազրույցում ասաց, որ «այս պահին «Նաիրիտ»-ի հետ կապված որևէ տեղեկատվություն չեն կարող տալ, քանի որ դեռ բան չունեն ասելու»: «Եթե որևէ հստակ տեղեկություն լինի, այդ ժամանակ էլ մենք պաշտոնապես հանդես կգանք հաղորդագրությամբ»,– ասաց ընկերության ներկայացուցիչը:

Տեղի ունեցող զարգացումները թերևս հուշում են այն մասին, որ նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում «Նաիրիտ»-ը պարապ կմնա մինչև ամառ։ Խնդիրն այն է, որ եթե ամեն ինչ բարեհաջող լինի արդեն այսօր, ապա Հայաստանին $400 մլն վարկային միջոցներ հատկացնելու որոշումը կարող է ընդունվել 2012թ. սկզբին՝ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հաջորդ նիստին։ Առանց այդ գումարների «Նաիրիտ»-ի արդիականացման ծրագրերը կմնան թղթի վրա: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում