Հոռետես աշխարհ

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որտեղ, բացի ծախսերի և եկամուտների Դ1,6 մլրդ ավելացումից, այլ ցուցանիշների վերանայում չի կատարվել։
Հայաստանի Կառավարությունը, բյուջեի նախագծի հիմքում դնելով 4,2% տնտեսական աճ, ուղեցույց է ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» պարբերականի սեպտեմբերի թողարկման մեջ արտաքին միջավայրի կանխատեսումները։
Ըստ դրա՝ 2012թ. Հայաստանում տնտեսական աճը կարող է կազմել 4%։
ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության (DESA, UN Department of Economic and Social Affairs)դեկտեմբերի 2-ի հրապարակած զեկույցում արդեն նշվում է, որ 2012թ. համաշխարհային տնտեսությունը (բազային սցենարի իրականացման դեպքում) կաճի ընդամենը 2,6%-ով՝ 1-տոկոսային կետով քիչ, քան կանխատեսվում էր հունիսին։
Կառավարության կողմից այս կանխատեսումներին չարձագանքելը անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ բյուջեի նախագծում արտաքին միջավայրից հնարավոր ռիսկերի շարքում նշված է, որ եթե եվրոպական երկրներում պետական պարտավորությունների կատարման դժվարությունները խորանան, ապա դա կանդրադառնա Հայաստանի գործընկեր երկրների տնտեսական իրավիճակի վրա, և Հայաստանի տնտեսությունը կարող է կորուստներ կրել արտահանման աճի տեմպերի դանդաղման արդյունքում։
ՄԱԿ-ի կողմից Եվրամիության տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը 1,2-տոկոսային կետով՝ մինչև 0,7%, Ռուսաստանինը՝ 0,7-տոկոսային կետով՝ մինչև 3,9%, և Չինաստանինը՝ 0,2-տոկոսային կետով՝ մինչև 8,7%, չի կարող չազդել Հայաստանի վրա:
Հայաստանի 2012թ. բյուջեի հիմքում դրված է, որ արտահանումը կաճի 13,5%-ով, արդյունաբերությունը՝ 7,5%-ով, ծառայությունները՝ 3,5%-ով: Պետբյուջեի փաստաթղթով աճը մեծապես պայմանավորվում է արտաքին միջավայրով, հատկապես Եվրամիության և Ռուսաստանի տնտեսական վիճակով, որոնց բաժին է ընկնում Հայաստանի արտահանման մոտ 65%-ը, ընդ որում՝ ԵՄ-ին՝ մոտ 50%-ը (հիմնականում հանքարդյունաբերական արտադրանք)։
Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում 1/3-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում մետաղների գների անկումն ու պահանջարկի կրճատումը անմիջական ազդեցություն կթողնեն արդյունաբերության ոլորտի աճի վրա։
Ինչ վերաբերում է Հայաստանի ծառայությունների ոլորտի աճին, ապա այն կարող է ավելի պակաս լինել Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման հետևանքով։ Խնդիրն այն է, որ Հայաստանի մասնավոր փոխանցումների մոտ 80%-ը կամ տարեկան ավելի քան $1 մլրդ-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ այդ գումարների կեսից ավելին ուղղվում է սպառմանը։
Բյուջեի համար գալիք տարի տնտեսական աճի յուրաքանչյուր 0,1-տոկոսային կետը չափազանց կարևոր է, քանի որ Կառավարության ծրագրած հավելյալ Դ101 մլրդ եկամուտների մոտ Դ70 մլրդ-ը պետք է ապահովեն 4,2% տնտեսական աճը և 4,5% գնաճը։
Civilnet










