Հայկական կոնյակի մարտահրավերը

Սակայն առաջիկա տարիներին «հայկական կոնյակ» անվանումով արտադրանքի իրացման ճանապարհին կարող են խնդիրներ ծագել՝ մի շարք միջազգային իրողություններով պայմանավորված։
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած տնտեսական սեմինարի ընթացքում, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնաբաժինը կոնյակի և բրենդիի համաշխարհային արտահանման մեջ կազմում է 2,8%, իսկ երկրի արտահանման կառուցվածքում կոնյակի մասնաբաժինը կազմում է 9,4%։
Նախարարի խոսքով՝ ծրագրվում է, որ 2015թ. Հայաստանից կոնյակի արտահանման ծավալները կհասնեն $150-180 մլն-ի, 2020թ.՝ $300 մլն-ի: 2010թ. կոնյակի արտահանումը կազմել է $95 մլն, որից 80%-ը՝ Ռուսաստան։
Տիգրան Դավթյանն ասել է, որ ճյուղում առկա են որակի ապահովման հետ կապված խնդիրներ, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԵՄ մասնագետների հետ, անհրաժեշտ է ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ և հրապարակել կոնյակի որակի մասին արձանագրությունները։
Նա նշել է, որ կոնյակի շուկաների դիվերսիֆիկացման տեսակետից ծրագրվում է Ռուսաստանի մասնաբաժինը ներկայիս 80%-ից նվազեցնել մինչև 65%՝ այլ շուկաներում դիրքերի ամրապնդման հաշվին, մասնավորապես՝ Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների։ «Դրան նպաստելու է միասնական՝ «հայկական կոնյակ» բրենդով հանդես գալը»,– ասել է նախարարը։
Նշենք, որ «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակը» փաստաթղթում, որը զետեղված է Էկոնոմիկայի նախարարության կայքում, կոնյակին հատկացված է 30 էջ: Այնտեղ, օրինակ, նշված է, որ ելնելով չինական խոհանոցի առանձնահատկություններից՝ հայկական կոնյակը, որն ավելի փափուկ և քաղցրահամ է ֆրանսիականի համեմատ, կունենա որակական առավելություն շուկայում: «Ավելին՝ հայ արտադրողներն արդեն իսկ փոքրածավալ հաջող փորձեր ունեն չինական շուկա մուտք գործելու մեջ»,– նշված է փաստաթղթում։
ՀՀԿ-ի կազմակերպած սեմինարին ներկա էր Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը, որը տեղեկացրել է, որ չինական շուկայի 1,5 տարվա ուսումնասիրությունից հետո այդպես էլ հնարավոր չի եղել հասկանալ, թե քանի լիտր կոնյակ Հայաստանը կարող է այդ շուկա արտահանել։
Նշենք, որ բացի որակից՝ համաշխարհային շուկայում հայկական կոնյակի առաջխաղացման հիմնական խնդիրներից են արտահանման ծավալների սահմանափակումները, «հայկական կոնյակ» ապրանքային անվանման օգտագործման խնդիրը։
«ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակը» փաստաթղթում մեկ տողով որպես խնդիր նշված է «սպասվող փոփոխությունները ռուսական շուկայում «հայկական կոնյակ» անվան օգտագործման հետ կապված», սակայն փաստաթղթի հեղինակները չեն նշում, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, և դրանց արդյունքում ինչ խնդիրների կարող են բախվել արտահանողները։
ԱՀԿ-յան խնդիրներ
Ակնկալվում է, որ հաջորդ տարի Ռուսաստանը կդառնա Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ, ինչը նշանակում է, որ այդ շուկայում «հայկական կոնյակ» անվանումով ապրանքի իրացումը կարգելվի։ Խնդիրն այն է, որ կոնյակ կարող է անվանվել այն խմիչքը, որն արտադրվել է Ֆրանսիայում։
Ուշագրավ է, որ թեև ակնկալվում է, որ Հայաստանից կոնյակի ընդհանուր արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 2015թ. պետք է նվազի 10-տոկոսային կետով՝ մինչև 70%, իսկ 2020թ.՝ կազմի 65%, ծավալային և գումարային արտահայտությամբ այդ երկիր արտահանումը պետք է ավելանա։
Եթե 2010թ. Ռուսաստան արտահանվել է $76 մլն-ի հայկական կոնյակ, ապա ըստ Էկոնոմիկայի նախարարության փաստաթղթի՝ 2015թ. այդ ցուցանիշը պետք է կազմի $126 մլն, իսկ 2020թ.՝ $195 մլն։ Իսկ թե ինչպես է հնարավոր լինելու այս ամենը ապահովել՝ հաշվի առնելով անվան հետ հնարավոր սահմանափակումները, ռազմավարությունում չի նշվում։
Ռուսական շուկայում «հայկական կոնյակ» անվանումը «հայկական բրենդի» կամ մեկ այլ անվանումով փոխարինելը առաջիկա մի քանի տարվա ընթացքում կարող է էապես նվազեցնել իրացման ծավալները։ Խնդիրն այն է, որ սպառողների շրջանում «բրենդի» անվանումն ասոցացվում է «ցածրորակ կոնյակի» հետ: Բնականաբար, այս պայմաններում լուրջ մարկետինգային աշխատանքներ են հարկավոր՝ սպառողներին ապացուցելու, որ բացի անունից՝ ոչինչ չի փոխվել:
«ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակը» փաստաթղթում նշվում է, որ պետք է ստեղծել «հովանոցային բրենդ»՝ «հայկական բրենդի» և «հայկական կոնյակ» բրենդի գովազդում նպատակային նոր շուկաներում։ Եթե հաշվի առնենք, որ Չինաստանը նույնպես ԱՀԿ անդամ է, ապա այդ շուկայում «հայկական կոնյակ» անվանումը նույնպես հնարավոր չի լինի օգտագործել, և անհրաժեշտ է լինելու փորձել շուկայում դիրքավորվել «հայկական բրենդի» անվանումով։
Էկոնոմնախի փաստաթղթում նշվում է, որ նոր շուկաներ մուտք գործելու համար պետք են «Արբուն» ապրանքային անվան փոփոխություն միջազգային բրենդինգի գրավչության տեսանկյունից և աշխատանքներ նոր ապրանքային կատեգորիաների ստեղծման ուղղությամբ (որոնք կներառեն ոչ 100% հայկական խաղողի սպիրտից խմիչքները)։ Նշենք, որ ներկայում «Արբուն» է կոչվում բրենդին, որում թույլատրվում է օգտագործել մինչև 40% ներկրված խաղողի սպիրտ:
Civilnet










