Այսօր աշխարհի բնակչության 3%-ը՝ 215 մլն մարդ, սեփական երկրից դուրս է աշխատում, ինչը 40%-ով գերազանցում է 1990թ. ցուցանիշը: Ըստ Economist-ի՝ սփյուռքը մեծ դեր ունի համաշխարհային տնտեսության համար, ինչը պայմանավորված է երեք կարևոր գործոններով:
Նախ՝ սփյուռքի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիան տարածվում է սահմաններից դուրս. չինացի գործարարը Հարավային Աֆրիկայում, տեսնելով պլաստիկի նկատմամբ առկա պահանջարկը, արագ կտեղեկացնի այդ մասին Չինաստանում գտնվող իր ընկերոջը, որը զբաղվում է այդ բիզնեսով:
Երկրորդ՝ սփյուռքը ձևավորում է վստահության բարձիկ: Այսօր հեռահաղորդակցության տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է կնքել բազմամիլիոնանոց պայմանագրեր ընդամենը դրսում գտնվող ծանոթի միջոցով:
Երրորդ՝ զարգացող երկրներում, որտեղ օրենքի ուժն անորոշ է, շատ դժվար է անծանոթների հետ բիզնես անել: Քանի որ վստահություն չկա, որ դատարանը կարող է ապահովել պայմանագրի ուժը, մարդիկ նախընտրում են գործ ունենալ այն մարդկանց հետ, որոնց ճանաչում են, և անձնական կապերն այս պարագայում կարևոր գործիք են, իսկ սփյուռքը անձնական կապերի մի մասն է:
Չորրորդ և ամենակարևորը՝ սփյուռքն ստեղծում է կապեր, որոնք օգնում են լավ մտահղացումներ ունեցող մարդկանց համագործակցել միմյանց հետ ինչպես նույն էթնիկ խմբի ներսում, այնպես էլ էթնիկ հանրությունից դուրս:
Այսօր լավ ժամանակներ չեն միգրանտների համար, քանի որ հակամիգրացիոն կուսակցությունները գլուխ են բարձրացնում Եվրոպայում: Իրավիճակն ավելի բարդ է ԱՄՆ-ում, որտեղ նախագահ Բարաք Օբաման ձախողեց խոստացած միգրացիոն բարեփոխումները, իսկ հանրապետական թեկնածուները ավելի շուտ կօրինականացնեն Մեքսիկայի սահմանի երկայնքով ստեղծված պատնեշը, քան կկրթեն անօրինական միգրանտների երեխաներին:
Միգրանտների հետ հարաբերությունների այս ոչ լիբերալ շրջադարձը բնական է, քանի որ այն տնտեսության ցիկլային անկման հետևանք է, որին գումարվում է բարձր եկամուտ ունեցող պետություններում հասարակության հակամիգրացիոն տրամադրությունը: Հոդվածի հեղինակները կառավարություններին խորհուրդ են տալիս միգրանտների դիմաց դռները փակելուց առաջ հաշվի առնել սփյուռքի աճող տնտեսական նշանակությունը և մասնակցությունը տվյալ երկրի տնտեսական աճին:
Աշխատելով բարձր եկամտաբերությամբ երկրներում՝ միգրանտները ոչ միայն գումար են ուղարկում իրենց հարազատներին, այլև օգնում են հյուրընկալող ընկերություններին հեշտությամբ մուտք գործել իրենց հարազատ երկրներ:
Հարվարդի համալսարանի ուսումնասիրությունը, օրինակ, ցույց է տվել, որ այն ընկերությունները, որտեղ ավելի շատ չինացի է աշխատում, ավելի հեշտությամբ են մտնում չինական շուկա՝ առանց միաձուլվելու չինական որևէ ընկերության հետ: Սակայն անգամ այս պարագայում դժվար է կասեցնել հասարակության բացասական վերաբերմունքը միգրանտների նկատմամբ, ինչը մեկնաբանվում է երկու հանգամանքով:
Նախ՝ դա պայմանավորված է միգրանտների ստացած նպաստներով, որոնք դատարկում են պետական դրամարկղը, երկրորդ՝ միգրանտները պատրաստ են աշխատել ավելի ցածր վարձատրությամբ, ինչը նվազեցնում է ստորին օղակներում աշխատողների աշխատավարձի ընդհանուր մակարդակը:
Չնայած հոդվածի հեղինակները դժվարանում են չափել միգրանտների ազդեցությունը, սակայն ենթադրում են, որ միգրանտներն ավելի աշխատասեր են և նորարար: Դյուքի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած միգրանտները ԱՄՆ-ի բնակչության 1/8-ն են, սակայն նրանք երկրում նորարարական տեխնոլոգիաների 1/4-ի հեղինակներն են: Բացի դրանից՝ սփյուռքը Արևմուտքին կապում է զարգացող տնտեսությունների հետ՝ նպաստելով զարգացած երկրների տնտեսական աճին:
Civilnet











