Չկրկնել Պուտինի սխալները
Կիրակի Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների շուրջ 50 տոկոսը (տե՛ս «Ապտակ Պուտինին» հոդվածը): Սա լուրջ ձախողում է Ռուսաստանի իշխող կուսակցության և անձամբ նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինի համար. 2007թ. նրանք շահել էին ընտրողների 64,5 տոկոսի քվեն:
ԵԽԽՎ և ԵԱՀԿ դիտորդներն արդեն հայտարարել են, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել՝ լցոնումներ, ընտրական գործընթացին իշխանությունների միջամտություններ, քվեները հաշվարկելիս տեխնիկական ընդհատումներ և այլն: Այս ամենը Ռուսաստանի (ինչպես նաև նրա դաշնակից Հայաստանի) համար նորություն չէ:
Ռուսաստանյան ընտրությունների կարևորագույն դրական արդյունքը թերևս այն է, որ երկրում իշխանությունների կամքին հակառակ ձևավորվում է առավել մրցակցային քաղաքական միջավայր: Իշխող կուսակցությունն արդեն ստիպված է լինելու համագործակցել փոքր կուսակցությունների հետ իր օրինագծերը Պետդումայում անցկացնելու համար:
Պուտինի համար չափազանց լուրջ մարտահրավեր է լինելու հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունը: Տոտալ խախտումներով անցկացված ընտրություններից հետո «Եդինայա Ռոսիա»-ի համար լուրջ մարտահրավեր է լինելու նաև այլ կուսակցությունների հետ առողջ համագործակցություն հաստատելը:
Հայաստանյան իրականությունը շատ նման է ռուսականին. այստեղ ևս իշխող ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում, այստեղ ևս խորհրդարանական ընտրությունները չափազանց որոշիչ են լինելու նախագահական ընտրություններից առաջ, այստեղ ևս իշխող կուսակցությունը հակված է բռի մեթոդներին (ապացույցը՝ այլ կուսակցությունների նկատմամբ հետապնդումները):
Հայաստանի իշխանությունները ռուսաստանյան ընտրություններից մի քանի հետևություններ պետք է անեն:
Ամենամեծ հետևությունը պետք է լինի այն, որ Հայաստանում ևս, իշխանությունների կամքից անկախ, քաղաքական դաշտն ավելի մրցակցային է դառնալու; որ վարչական ռեսուրսի չարաշահումը վտանգելու է առաջին հերթին չարաշահողի երկարաժամկետ վարկանիշը; որ ավելի լավ է խաղալ արդար կանոններով և վայելել ոչ միայն սեփական ընտրազանգվածի, այլև մյուս կուսակցությունների հարգանքը, որոնք առավել հակված կլինեն համագործակցել լեգիտիմ իշխանությունների հետ:
Թեկուզ ավելի քիչ, սակայն արդար քվեներ հավաքելու դեպքում ՀՀԿ-ի շանսերը շատ ավելի մեծ կլինեն 2013թ. նախագահական ընտրություններում:
Civilnet










