Աղբի հույսին

Բյուջեի նախագծով ծրագրվում է, որ տեղական վճարների գծով կհավաքագրվի Դ4,43 մլրդ՝ այս տարվա Դ141,9 մլն-ի դիմաց։ Նման աճ հնարավոր է լինելու ապահովել ընդամենը աղբահանության հաշվին։
Չնայած Երևանի քաղաքապետարանը «Երևանի մասին» օրենքի ընդունումից հետո՝ 2009-ից, հնարավորություն ստացավ ունենալ սեփական բյուջե, որը ձևավորվում է տեղական տուրքերից, այն շարունակում է ապրել պետբյուջեի հաշվին։ Գալիք տարվա բյուջեի 1/3-ից պակաս մասը կամ մոտ Դ20 մլրդ-ն է ձևավորվելու սեփական եկամուտների հաշվին։
Իհարկե, քաղաքապետարանի եկամուտները գալիք տարի այս տարվա համեմատ կավելանան մոտ Դ5 մլրդ-ով, ինչը հիմնականում պայմանավորված է լինելու տեղական վճարների գծով ավելի քան Դ4,2 մլրդ-ով ավելի գումարների հավաքագրումով։ Բյուջեի նախագծով ծրագրվում է, որ տեղական վճարների գծով կհավաքագրվի Դ4,43 մլրդ՝ այս տարվա Դ141,9 մլն-ի դիմաց։
Նման աճ հնարավոր է լինելու ապահովել ընդամենը աղբահանության հաշվին։ Կենցաղային աղբի տեղափոխման համար չափը սահմանելիս «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված սակագների տարբերակներից ընտրվել է բնակչի հաշվով վճարի գանձման տարբերակը, իսկ վճարի չափը առաջարկվել է սահմանել ներկայում բնակչության կողմից վճարվող չափով՝ 1 բնակչի հաշվով ամսական Դ200:
Գալիք տարի ծրագրվում է, որ 2012թ. պետբյուջեից քաղաքապետարանին հատկացվող պաշտոնական դրամաշնորհների ծավալը կնվազի Դ1,7 մլրդ-ով կամ 9%-ով՝ կազմելով Դ16,8 մլրդ, իսկ այդ գումարից Դ8,36 մլրդ-ը կազմելու են համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները։
Թեև նվազել են պետբյուջեից ստացվող դոտացիաները, սակայն, ըստ էության, այս տարվա համեմատ Երևանի քաղաքապետարանի բյուջե կմտնի այնքան գումար, որքան այս տարի։ 2012թ. նախատեսված է, որ պետբյուջեից հատկացումները քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար կկազմեն Դ27 մլրդ կամ այս տարվա հատկացումից Դ1 մլրդ-ով ավելի։
Անհամեստ ծախսեր
Քաղաքապետարանի գալիք տարվա Դ63,7 մլրդ եկամուտների 68,7%-ը, ըստ էության, ապահովվելու է պետբյուջեի հաշվին, բայց չնայած դրան՝ քաղաքապետարանը միջոցների ծախսման հարցում համեստություն չի ցուցաբերում։ Երևան քաղաքի 2012թ. բյուջեի նախագծով ծրագրված Դ63,76 մլրդ ծախսերից 96,2%-ը կամ Դ61,4 մլրդ-ը կազմելու են ընթացիկ ծախսերը։ Սնվելով պետբյուջեից՝ Երևանի քաղաքապետարանը չի ցանկացել անցնել խնայողության ռեժիմի և արդյունավետության բարձրացման։
Այսպես՝ գալիք տարի քաղաքապետարանի պահպանման ծախսերն աճելու են Դ173 մլն-ով՝ կազմելով Դ6,62 մլրդ։ Իհարկե, այդ ծախսերը բյուջեի ընդհանուր ծախսերի 10,4%-ն են, բայց քաղաքապետարանի սեփական եկամուտների 1/3-ը։ Ուշագրավ է, որ պահպանման ծախսերի կեսից ավելին՝ Դ3,86 մլրդ-ը, բաժին է ընկնում աշխատավարձի ֆոնդին (2011թ. համեմատ աճը՝ 10%)։ Քաղաքապետարանը գալիք տարի 27%-ով ավելի գումար է ուղղելու մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգմանը և պահպանմանը (Դ226,9 մլն):
Ծախսերի ավելացումը քաղաքապետարանը հիմնավորում է 2011թ. ձեռք բերված 25 ավտոմեքենաների սպասարկման ծախսերով: Իսկ թե ինչ նպատակների համար են ձեռք բերվել այդ մեքենաները, այդքան էլ պարզ չէ։
Գալիք տարի, ինչպես և նախորդ տարիներին քաղաքապետարանը ասֆալտապատմանը կուղղի Դ4,33 մլրդ, ընդ որում՝ այդ գումարի 76%-ը պետբյուջեից ստացված միջոցներն են։
Քաղաքապետի ուղերձում նշվում է, որ այդ գումարով նախատեսվում է իրականացնել շուրջ 826 հազ. ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, 60%-ը՝ բակային տարածքներում: Ստացվում է, որ Երևանում 1 քմ ասֆալտապատման ծախսը կազմելու է Դ5,3 հազ. կամ այնքան, որքան արժե միջին որակի 1 քմ սալիկը: Եթե հաշվի առնենք, որ աշխատանքների կեսից ավելին բաժին է ընկնում բակերին, որտեղ ասֆալտապատման որակի մեծ պահանջներ չեն դրվում, ապա ըստ էության քաղաքապետարանը միջոցներն արդյունավետ չի ծախսում։
2012թ. քաղաքապետարանը Դ14 մլն (2011թ. համեմատ Դ2 մլն-ով պակաս) ուղղելու է վթարված եզրաքարերի վերանորոգմանն ու փոխարինմանը։ Քաղաքապետարանի ուշադրությունից դուրս չի մնա «օբյեկտային» գոտին՝ Հրազդանի կիրճը, որի բարեկարգման համար կծախսվի Դ652 մլն:
Ուշագրավ է, որ թեև Երևանում գործող շուրջ 5 հազ. վերելակների 30%-ը (ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի) պիտանի չեն շահագործման համար, քաղաքապետարանը վերելակների հիմնանորոգմանն ուղղելու է Դ75 մլն։ Գրեթե նույնքան գումար՝ Դ73 մլն, կուղղվի դրոշների տեղադրմանը (2011թ. Դ67 մլն-ի դիմաց):
Civilnet










