Երեկ գլխավոր դրամատունը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8%: ԿԲ-ն ըստ էության շարունակում է չեզոքություն դրսևորել և պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը սեպտեմբերին սահմանված մակարդակին, երբ 12-ամսյա գնաճը կազմում էր 5,7%։
Ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության՝ 2011թ. նոյեմբերին արձանագրվել է 1.2% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0,9-տոկոսային կետով և կազմել 4,8%՝ վերադառնալով 4%±1.5 թույլատրելի միջակայք:
Երեկվա նիստին ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ ներկայում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները բացակայում են: «Ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսական աճի սպասվող դանդաղման պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում գներն էականորեն չեն փոփոխվի, ինչը համապատասխանում է «Դրամավարկային քաղաքականության 2011թ. 4-րդ եռամսյակի ծրագրում» նկարագրված համաշխարհային տնտեսության զարգացման բազային սցենարին»,– նշված է ԿԲ հաղորդագրությունում:
Սակայն ըստ ԿԲ-ի՝ դեռ պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների լուծման հետ կապված անորոշությունները:
«Խորհուրդը համակարծիք է, որ ՀՀ տնտեսությունից նույնպես գնաճային ռիսկեր չեն ակնկալվում. պահպանվում է այն գնահատականը, որ աշխատանքի շուկայի և համախառն պահանջարկի արձանագրված և սպասվող զարգացումները գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձևավորի»,– նշված է հաղորդագրությունում:
Խորհուրդն ամփոփել է, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է 2011թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան, և 12-ամսյա հորիզոնում գնաճը մեծ հավանականությամբ կգտնվի 4%±1.5 միջակայքում:
«Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել «Դրամավարկային քաղաքականության 2011թ. 4-րդ եռամսյակի ծրագրում» նախանշված բազային սցենարին համապատասխանող ուղղությունը, ինչը ենթադրում է չեզոք քաղաքականության իրականացում»,– նշված է հաղորդագրությունում:
Հայկական առանձնահատկությունները
Հայաստանում, իհարկե, վերաֆինանսավորման տոկոսադրույքի և առևտրային բանկերի տոկոսադրույքների միջև կապը բավական թույլ է, բայցևայնպես «թանկ փողի» քաղաքականությունն ազդեցություն է ունենում դրամային վարկերի և պետական պարտատոմսերի տոկոսադրույքների վրա։
Արտաքին և ներքին գնաճային ճնշումների բացակայության, ինչպես նաև թիրախային միջակայքում գտնվող գնաճի պայմաններում տոկասադրույքն անփոփոխ թողնելը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ ԿԲ-ն այդքան էլ չի հավատում Ազգային վիճակագրական ծառայության հաշվարկած գնաճի ցուցանիշին։
Չի բացառվում նաև, որ ԿԲ-ն համոզվել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իրականում էական ազդեցություն չի ունենում գնաճի վրա, և որոշել է ավելորդ գործողություններ չկատարել՝ վերլուծությունների և քննադատությունների տեղիք չտալու համար։
Civilnet











