Արդարացում պետք չէ
«(Ատոմակայանի) նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում մենք ստիպված կլինենք լուծել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետների երկարացման խնդիրը»,– սա հատված է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի երեկվա՝ 12-րդ նիստի ելույթից:
«Եվ այսպես՝ ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկրյա և հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ ևս տեղեկացված լինեն, որ. ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել, բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, և գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու:
Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»,– սա հատված է 2008թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ազգային ժողովին և ժողովրդին ուղղած ուղերձից:
«Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ»,– սա հատված է Սերժ Սարգսյանի ելույթից՝ նրա մոտ տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ այս տարվա մարտի 11-ին կայացած խորհրդակցության ժամանակ:
Փաստացի իրականությունը 2011թ. դեկտեմբերի 7-ի դրությամբ.
ա) Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը չի սկսվել: Այժմ խոսվում է ընդամենը նոր էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու մասին:
բ) Իրան-Հայաստան երկաթուղին չի կառուցվում, չկա անգամ դրա տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթուղթը:
գ) Համահայկական բանկը բացվեց (չշփոթել ստեղծվելու հետ) այս տարվա սեպտեմբերին, դրա միակ բաժնետերը ՀՀ ԿԲ-ն է: Որևէ ներդրումային ծրագրի մասին առ այսօր խոսք չկա:
Եզրահանգումները՝ ընթերցողներին...
Civilnet










