Մութ սենյակում՝ սև կատու

Ի տարբերություն բանկերի, վարկային կազմակերպությունների՝ գրավատներն ավելի լիբերալ են և մեծ ուշադրություն չեն դարձնում վարկառուի վարկունակությանը, գրավադրվող առարկայի ծագմանը։ Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ճգնաժամից հետո եկամուտների նվազում արձանագրած բնակչության մի ստվար զանգված կենսական խնդիրների լուծման համար շարունակում է ոսկու կամ անշարժ և շարժական գույքի գրավի դիմաց գրավատներից վերցնել կարճաժամկետ՝ մինչև 1 տարի ժամկետով միջոցներ:
Չնայած գրավատների կողմից տրվող դրամն ավելի թանկ է, քան բանկերի կողմից տրվողը, քաղաքացիների մի մասը ստիպված է գնում գրավատուն՝ մի քանի րոպեում անհրաժեշտ գումարը վերցնելու համար:
Եթե բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսադրույքները կարգավորվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով (հրապարակվում է տարեկան փաստացի տոկոսադրույք) և Քաղաքացիական օրենսգրքի 879 հոդվածով (փոխառությունների տոկոսների չափը չի կարող գերազանցել ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը), գրավատների տոկոսավճարները որոշվում են կամայականորեն։ Ներկայում գրավատները վարկային միջոցները տրամադրում են ամսական 3,5%-ից սկսած կամ տարեկան 42%-ից բարձր՝ խախտելով Քաղաքացիական օրենսգիրքը:
Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը 12% է, ինչը նշանակում է, որ օրենքի պահանջով փոխառու միջոցների տոկոսադրույքը չի կարող գերազանցել 24%-ը: Գրավատները ակնհայտ խախտում են օրենքը, բայց կարգավորողը՝ ԿԲ-ն, դա կարծես չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել։
Գրավատների գործունեությունը կարգավորող օրենքով («Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենք) սահմանված է, որ գրավատան վարկային միջոցների աղբյուր են համարվում սեփական միջոցները, մասնակիցներից ներգրավված փոխառությունները, բանկերից և այլ կազմակերպություններից ստացված վարկերն ու փոխառությունները: Եթե հաշվի առնենք, որ գրավատների վարկային ռեսուրսների դիմաց հիմնականում որպես գրավի առարկա գրավադրվում են ոսկե, արծաթե իրերը (գնահատվում են իրական արժեքի 50%-ով), ապա գրավատները գրեթե ռիսկ չեն կրում:
Բայց մյուս կողմից՝ վարկավորման համար ռեսուրսների աղբյուրները անսահմանափակ են։ Գրավի առարկա իրերը գրավատներին հնարավորություն են տալիս վերագրավադրել և միջոցներ ներգրավել բանկերից և վարկային կազմակերպություններից։ Պարզ ասած՝ գրավադրված ոսկու դիմաց գրավատունը բանկից կարող է միջոցներ ստանալ առավելագույնը 24% տարեկան տոկոսադրույքով և դրանք տեղաբաշխել 42% և ավելի տոկոսադրույքով:
Այսօր Հայաստանում գրավատուն բացելը էլ բարդ գործընթաց չէ, պարզապես անհրաժեշտ է ապահովել ԿԲ-ի մի քանի պահանջներ։ Մասնավորապես՝ գրավատան տարածքում պետք է լինի երկաթբետոնե պատերով առանձնացված uենյակ ու չհրկիզվող պահարան, պետք է գործող որևէ բանկի հետ պայմանագիր լինի այն մասին, որ վերոնշյալ իրերը պահպանվում են տվյալ բանկում, պետք է պայմանագիր լինի ապահովագրական ընկերության հետ, ինչը կհավաստի գրավ և ի պահ ընդունված գույքի ապահովագրությունը: Գրավատնային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ստանալ ԿԲ-ի լիցենզիան և դրա համար տարեկան վճարել Դ100 հազ.:
Civilnet










