ԴԱՀԿ-ի գործն ավելացել է

Բանկերի օգտին բռնագանձման պահանջի եռակի ավելացումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ թե՛ այս տարի, թե՛ անցած տարի տնտեսությունը աճ է արձանագրել։
Ըստ ԴԱՀԿ-ի՝ բանկերի օգտին այս տարվա 11 ամիսներին բռնագանձման պահանջով հարուցվել է մոտ 11,6 հազ. կատարողական վարույթ՝ բռնագանձման ենթակա մոտ Դ31,84 մլրդ գումարով։ Ընդհանուր առմամբ բռնագանձվել է Դ5 մլրդ, որից Դ3,78 մլրդ-ը՝ ֆիզիկական անձանցից, Դ1,22 մլրդ-ը՝ տնտեսավարող սուբյեկտներից։
Բռնագանձված գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով։ Անցած տարի նույն ժամանակահատվածում բանկերի օգտին բռնագանձման պահանջ էր ներկայացվել մոտ Դ10 մլրդ-ի, իսկ բռնագանձված գումարը կազմել էր Դ3,9 մլրդ։
Հունվար-նոյեմբերին ԴԱՀԿ-ի կողմից ամենաշատ բռնագանձումներ կատարվել են «Մելլաթ բանկ»-ի, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի, «Արդշինինվեստբանկ»-ի և «Հայբիզնեսբանկ»-ի օգտին։
Տնտեսության լակմուսի թուղթը
Ընդունված պրակտիկա է, որ հարկադիր ճանապարհով բռնագանձումները տնտեսության վիճակի լակմուսի թուղթն են։ Այսինքն՝ հարկադիր ճանապարհով բանկերի օգտին բռնագանձումների և տնտեսության վիճակի միջև առկա է ուղղակի կապ։ Այս տարվա 11 ամիսներին բանկերի օգտին բռնագանձման պահանջի ավելացումը 3 անգամ ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ թե՛ այս տարի, թե՛ անցած տարի տնտեսությունը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, աճ է արձանագրում։
Հնարավոր է, իհարկե, որ բռնագանձումների պահանջների մի մասն արդյունք է 2009թ. ճգնաժամի և դատական համակարգի դանդաղկոտության, ինչի արդյունքում հնարավոր է՝ անցյալ տարվա հայցերի վերաբերյալ վերջնական որոշումներն այս տարի են ընդունվել։ Սակայն պետք է հաշվի առնել, որ 2010թ. բանկերի օգտին բռնագանձումները նույնպես ավելացել էին։
Այս տարվա 11 ամիսներին բանկերի օգտին բռնագանձումներում ֆիզիկական անձանց 75% մասնաբաժինը ցույց է տալիս, որ թեև տնտեսությունն աճ է արձանագրել, քաղաքացիների եկամուտներն ու նրանց վարկունակության մակարդակն էական փոփոխություններ չեն կրել։
Բռնագանձման պահանջով դատարան դիմած բանկերի շարքում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի հայտնվելը (անցած տարի այդ բանկը նույնպես եղել է առաջատար) թերևս վկայում է այն մասին, որ ընդհանուր առմամբ բռնագանձման ենթարկված ֆիզիկական անձանց շարքում գերազանցում են գյուղացիական տնտեսությունները։
Այս տարի բանկի օգտին գյուղացիական տնտեսություններից բռնագանձումների ավելացումը պայմանավորված է նրանով, որ անցած տարի եղանակային պայմանների հետևանքով գյուղատնտեսությունում արձանագրվել էր 14,5% անկում։
Ստացվում է, որ լինելով գյուղատնտեսության վարկավորմամբ մասնագիտացած միակ բանկը՝ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ»-ը ոչ թե նախընտրել է ընդառաջել վնաս կրած գյուղացիներին՝ երկարաձգելով վարկի սպասարկման ժամկետը, այլ ընտրել է դատարանների միջոցով բռնագանձելու ճանապարհը։
Civilnet










