Գլխավոր Լրահոս

Երկիրը ճիշտ մատուցել

Երկիրը ճիշտ մատուցել

-Պրն Կանդիլջյան, Կառավարության հայեցակարգով նախատեսվում է մինչև 2030թ. զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլնի: Բացի այդ՝ Կառավարությունը հայտարարում է, որ երկու-երեք տարվա ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 1  մլն-ի: Որպես շուկայի մասնակից՝ իրատեսակա՞ն եք համարում այդ թիվը:

-Եթե հաշվի առնենք, որ զբոսաշրջության ոլորտում միջին տարեկան աճը կազմում է 24%, և այն, որ ընթացիկ տարում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմելու է մոտ 800 հազ., ապա 1 մլն զբոսաշրջիկ ունենալը իրատեսական է: Այլ խնդիր է, թե ինչ մեթոդաբանությամբ են հաշվարկվում այս թվերը: Հայտարարված թվերի մեջ չեն առանձնացվում «զբոսաշրջիկ», «այցելու» հասկացությունները, որոնք խիստ տարբեր են:

-Ի՞նչ աշխարհագրություն ունի զբոսաշրջությունը դեպի Հայաստան:

-Այդ աշխարհագրությունը զգալիորեն չի փոխվում, աճում է նույն երկրներից Հայաստան եկող քաղաքացիների թիվը: 2010թ. Հայաստանի զբոսաշրջիկների մեծ մասը բաժին է հասել Ռուսաստանին, եվրոպական երկրներից՝ Ֆրանսիային, Իտալիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Հունաստանին: Սակայն Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների մեծ մասն արտագաղթած հայերն են, որոնք արդեն ՌԴ քաղաքացի են:

-Իրանից եկող զբոսաշրջիկների մասին չնշեցիք:

-Անցած տարի Իրանից Հայաստան է այցելել 125 հազ. զբոսաշրջիկ, ինչը պայմանավորված է Իրանում տիրող մթնոլորտով և Հայաստանի հետ ոչ վիզային ռեժիմով: Իրանցի զբոսաշրջիկներն իրենց այցելության ընթացքում հիմնականում բնակարաններ են վարձակալում և որպես զբոսաշրջիկ՝ շատ ավելի քիչ եկամուտ են ապահովում երկրին, քան եվրոպացիները:

-Հայաստանյան հյուրանոցները, բոլորը միասին վերցրած, ունեն 10 հազ. մահճակալ: Այսինքն՝ հյուրանոցները չեն կարող միաժամանակ զբոսաշրջային մեծ հոսքեր ընդունել: Հակասություն չկա՞ արդյոք Կառավարության հայտարարությունների և իրականության միջև:

-Նախ ասեմ, որ զբոսաշրջիկների մեծ մասը հյուրանոցներում չի մնում: Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2010թ. մոտ 70 հազ. զբոսաշրջիկ է սպասարկվել հյուրանոցների կողմից: Բնականաբար, սա բացարձակ թիվ չէ, սակայն թույլ է տալիս եզրակացնել, որ 2010թ. զբոսաշրջիկների միայն 10%-ն է օգտվել հյուրանոցների ծառայություններից: Խնդիրն այն է, որ մենք չունենք միջին կարգի հյուրանոցներ, հատկապես երկրի հարավում:

Արդեն իսկ նոր հյուրանոցներ են կառուցվում, այն էլ՝ բարձրակարգ: Օրինակ՝ Երևանում կառուցվում է Թուֆենկյանների բուտիկ-հյուրանոցը, որը մեծ պահանջարկ կվայելի տուրօպերատորների շրջանում: Միջազգային հյուրանոցային ցանցերը, ինչպիսիք են Hilton-ը կամ Kempinsky-ն, նույնպես հետաքրքրված են Հայաստանով:

-Հայաստանում հյուրանոցների գինը չի համապատասխանում որակին: Ինչպե՞ս կմեկնաբանեք որակի բացակայությունը:

-Որակի բացակայությունը համապատասխան կադրերի բացակայության հետևանքն է: Սա վերաբերում է հատկապես սպասարկման ոլորտի միջին օղակներին՝ մատուցողներին, սպասավորներին, խոհարարներին: Հայաստանյան բուհերից տասը ունեն տուրիզմի ֆակուլտետ և բոլորն էլ տալիս են նույն կարգի մասնագետներ, որոնք աշխատաշուկայում իրենց տեղը չեն գտնում:

-Ո՞րն է այսօր, ըստ Ձեզ, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի գլխավոր պրոբլեմը:

-Հիմնական խնդիրը ենթակառուցվածքների թերզարգացածությունն է: Սակայն ես կասեի, որ ցանկացած ոլորտի, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտի շարժիչ ուժը մասնագետներն են, և զարգացման հիմնական խոչընդոտը որակյալ մասնագետների սակավությունն է: Այս խնդիրը կարելի է լուծել միջին մասնագիտական հաստատությունների ներդրմամբ և առկա մասնագետների վերապատրաստմամբ, ինչը լուրջ ֆինանսներ է պահանջում և կարող է իրականացվել Կառավարության աջակցությամբ:

Երկրորդ կարևոր խնդիրը Հայաստանը մատուցելու մեջ է: Հայաստանը գրավիչ կդառնա միայն այն դեպքում, եթե անընդհատ նորացվի մեր տուրպրոդուկտը, բացի Գառնի-Գեղարդից՝ ներկայացվեն նոր տեսարժան վայրեր, բարեկարգվեն ու պահպանվեն հին կոթողները: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում