Գլխավոր Լրահոս

Քաղաքական ճգնաժամ չկա

Երեկ ԱԺ նիստին ՀՅԴ-ն առաջարկել է դիմել հանրապետության նախագահին և քննարկել Կառավարության հրաժարականի հարցը (տե՛ս «Բանավեճ հրաժարականի շուրջ» հոդվածը): Արմեն Ռուստամյանն ասել է, թե «ակնհայտ հակասություններ կան 2008թ. Կառավարության կողմից ԱԺ հավանությանն արժանացած ծրագրի և չորս տարի անց արձանագրված արդյունքների միջև»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հայտարարել է, թե քաղաքական ճգնաժամ չկա, որպեսզի Կառավարությունը հրաժարական տա: Հարցին, թե արդյոք արձանագրվող ցուցանիշները չեն կարող լինել պատճառ, նա պատասխանել է, թե աշխարհում այսօր չկա որևէ պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշներ:

«Դրա համար էլ առկա է ճգնաժամը, և եթե դուք հետևեք ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այլև աշխարհում, ապա կտեսնեք, որ ճգնաժամը լրջագույն մարտահրավեր է բոլոր կառավարությունների համար, և շաբաթը մեկ բոլոր տնտեսական ցուցանիշները վերանայվում են»,– ասել է նա: Հրաժարականի առաջարկը, ըստ վարչապետի, ՀՅԴ-ի կողմից արվում է «ընտրողների ուշադրությունը գրավելու համար»:

Թե ինչ համատեքստում է արվում հրաժարականի առաջարկը, իրականում այնքան էլ կարևոր չէ: Դա թող իրենք՝ ՀՅԴ-ն ու վարչապետը որոշեն:

Առավել կարևոր է այն, որ վարչապետը, վկայակոչելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները և փոփոխվող տնտեսական ցուցանիշները, չի հիշում դրանց հետևանքով կառավարությունների հրաժարականների շքերթի մասին: Իսկ այս տարեսկզբից եվրոպական արդեն հինգ կառավարություն է հեռացել:

Ինչ վերաբերում է քաղաքական ճգնաժամ չլինելու նրա դիտարկմանը, ապա թերևս տեղին կլիներ կրկնել, որ քաղաքական ճգնաժամը հատուկ է ժողովրդավարական պետություններին և դրանց զարգացման օրինաչափ դրսևորումներից է: Հայաստանը բնականաբար հեռու է ժողովրդավարական այս օրինաչափությունից:

Քաղաքական ճգնաժամը նման է անտիբիոտիկի, որն ընդունելիս լինում են հարակից էֆեկտներ, սակայն այն միակ ճանապարհն է մարմինն ախտազերծելու համար:

Քաղաքատնտեսության պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկրների համար նման ճգնաժամերն ունեն կարևոր ինքնաախտահանիչ հատկություն. յուրաքանչյուր նման ճգնաժամից երկրները դուրս են գալիս ավելի ուժեղացած, իսկ պարտված կուսակցությունները՝ ավելի փորձառու:

Եթե 2009թ. 7% աճ ակնկալող և 14,5% անկում ստացած Կառավարությունը սեփական հրաժարականի պատճառ չի տեսնում և շարունակում է հավատալ ինքն իրեն, ապա դա իսկապես բարդ դեպք է...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում