«Էյ ընդ Էմ Ռեյր»-ը պատկանում է սաուդցի շեյխ Մոհամադ Մուսալամին: 2009թ. նա այցելել էր Հայաստան և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել, որ ցանկանում է այստեղ հյուրանոց կառուցել: Վարչապետը նրան խոստացել էր հնարավորինս աջակցել:
Անցած տարի Արտավազ համայնքում գյուղատնտեuական նշանակության հողերի նկատմամբ գերակա շահ ճանաչելը Կառավարությունը հիմնավորել էր այդ տարածքում «Էյ ընդ Էմ Ռեյր» ընկերության կողմից քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագրով:
Երեկ այդ նույն ծրագիրը հիմք է հանդիսացել, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Կառավարության հաստատմանը ներկայացնի որոշում, ըստ որի՝ Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված 147,51 հա, որից 34,23 հա թփուտ և 113,28 հա անտառածածկ տարածքը պահպանության նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվի «Էյ ընդ Էմ Ռեյր» ընկերությանը։
Նշենք, որ այդ անտառածածկ տարածքը շրջապատում է անցած տարի ընկերությանը գերակա շահով «տրված» հողատարածքին։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անտառի առկայությունը կարևոր նշանակություն ունի քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման համար և այն հանդիսանում է բնապահպանական համակարգի բաղադրիչներից մեկը, որը նպաստում է մակերևութային հոսքի նվազեցմանը, ստորերկրյա ջրերի պաշարների հարստացմանը, ջրերի մաքրությանը, սանիտարական անվտանգությանը, ինժեներական կառուցվածքների անվտանգության ապահովմանը:
««Էյ ընդ Էմ Ռեյր»-ը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հողատարածքը շրջապատող անտառային հողերի պահպանության և բարելավման ուղղությամբ, ինչն իր հերթին ենթադրում է ներդրումների կատարում: Նշված անտառային տարածքը մասնավոր ընկերությանն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրելու դեպքում կուժեղացվի անտառի պահպանությունը և պաշտպանությունը»,– նշված է հիմնավորման մեջ:
Որոշման հիմնավորումը համոզիչ չէ, եթե հաշվի առնենք, որ այդ անտառածածկ տարածքը գտնվում է Գյուղնախարարության «Հայանտառ» կազմակերպության տնօրինության տակ, և դրա մասնաճյուղը պարտավոր է ապահովել անտառածածկ տարածքների պահպանությունը։
Չի բացառվում, որ այդ տարածքում «Էյ ընդ Էմ Ռեյր»-ը ոչ միայն իրականացնի հանքային և քաղցրահամ ջրերի շշալցում, այլև կառուցի հյուրանոցային համալիր։
Hetq.am-ը, վկայակոչելով Կառավարությունից իր հարցման պատասխանը, անցյալ տարի գրել էր, որ քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի փաթեթը ներկայացրել է շվեյցարական «Սվիսս Ռեառ Էս Էյ» ընկերությունը, որի նախագահն է Սաուդյան Արաբիայից շեյխ Մոհամադ Մուսալամին:
Նշենք, սակայն, որ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված «Էյ ընդ Էմ Ռեյր»-ի հիմնադիր է հանդիսացել A&M Investment ընկերությունը, որը գրանցված է Լոնդոնում։ Իսկ թե ով է վերջինիս հիմնադիրը, չհաջողվեց պարզել:
Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը Մուսալամին ասել էր, թե հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային համալիր կառուցելու ծրագրով, իսկ վարչապետը պատրաստակամություն էր հայտնել աջակցել նախատեսվող ծրագրերի իրականացմանը։ Ի դեպ՝ վարչապետի և շեյխի հանդիպմանը ներկա էր եղել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Աբրահամյանը։
Civilnet











