Հյուսիսյան մեռելածին ծրագրեր
Եվրամիությունն այլընտրանք չունի, իսկ Եվրասիական միությունն իրեն չի արդարացնելու։ Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Մարսելում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսին իր ելույթում:
«Ինչը կարող է այլընտրանքային լինել, Եվրասիական միությո՞ւնը... Նման մի նախագիծ Վրաստանի և շատ այլ երկրների գլխին փաթաթեցին գրեթե մեկ դար առաջ։ Այդ ժամանակ այն այլ կերպ էր կոչվում՝ Խորհրդային Միություն։ Եթե Եվրամիությունը ապագան է, Եվրասիական միությունը անցյալն է, այդ իսկ պատճառով այն իրեն չի արդարացնում»,– ասել է Սաակաշվիլին (Tert.am)։
Վրաստանն ու Հայաստանը Եվրոպայի պերիֆերիայի այն երկրներն են, որոնք կուլտուրապես և սոցիալապես առավել մոտ են եվրոպական արժեհամակարգին, կամ առնվազն այդ երկրների հասարակությունները ձգտում են դառնալ այդ արժեհամակարգի մասնիկը:
Վրաստանի առավելությունն այն է, որ նա շատ լավ է հասկացել՝ ինչ է իրեն հարկավոր աշխարհից և որ ուղղությամբ պետք է շարժվել: Թբիլիսին այլընտրանք չունի էլ. նա կարող է նայել միայն դեպի Արևմուտք, ընդ որում՝ դա ոչ միայն կառավարության, այլև հասարակության պահանջն է:
Հայաստանը Եվրամիության այլընտրանքն ունի՝ ի դեմս Տաջիկստանի և Բելառուսի: Սակայն սա հավասար է այլընտրանքի բացակայությանը եթե ոչ կառավարության, ապա գոնե հայ հասարակության համար:
Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, տնտեսական և քաղաքական հավասարությունը, ազատ և արդար ընտրությունները, անհատին ծառայելու պետությունների դերը և ոչ հակառակը, – ահա եվրոպական այս հիմնարար արժեքներն են, որոնց եթե չի ձգտում Հայաստանի իշխանությունը, հաստատ ձգտում է հասարակության կիրթ հատվածը՝ անխտիր բոլորը:
Հայաստանը Վրաստանից սովորելու բան ունի կողմնորոշումը հստակեցնելու հարցում: Հյուսիսի հետ լավ հարաբերությունները ամենևին էլ չեն նշանակում, որ հայ պաշտոնյաները պարտավորված են այնտեղից եկող ամեն մեռելածին ծրագիր (ինչպիսին է Եվրասիական միությունը) ծափողջույններով դիմավորել: Ոչ ոք չի ստիպում նրանց դա անել:
Civilnet










