Ազգովի՝ էքսկավատորի դեմ
Երեկ Երևանում ֆուտբոլասերները բողոքի երթ են անցկացրել՝ մինչև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ վերջինիս նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից պահանջելով փրկել «Հրազդան» մարզադաշտը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Աշոտ Աղաբաբյանը, որը մարզադաշտի սեփականատերն է, ցանկանում է դրան հարակից տարածքում առևտրի կենտրոն կառուցել:
Ցուցարարներին ՀՖՖ նախագահն ասել է, որ «Հրազդան» մարզադաշտի կործանումը չի ներվի սերունդների կողմից, և որ դրա կողքը առևտրի կենտրոն կառուցելու դեպքում այնտեղ միջազգային խաղեր անցկացնել հնարավոր չի լինի (Armsport.am): «Միայն մարզադաշտ կառուցելու համար 500-600 մլն դոլար է պետք, իսկ նման գումարներ մեր պետությունը չունի:
Այժմ կարելի է մարզադաշտը 10-15 մլն դոլարով վերանորոգել և անցկացնել միջազգային խաղեր,– ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ թույլ չի տալու մարզադաշտի ապականումը:– Ես ամեն ինչ անելու եմ՝ մինչև էքսկավատորի տակ պառկելը»:
Սա թերևս այն դեպքերից է, որ էքսկավատորի դեմն առնել ազգովի է պետք:
Եթե հոկտեմբերին Հայաստան-Իռլանդիա խաղին չլիներ մրցավարի կոպիտ սխալը, վստահաբար կարելի է ասել, որ մեր հավաքականի հաջորդ հանդիպմանը Երևանում առնվազն 100 հազար մարդ էր ցանկանալու ներկա լինել: Հանրապետական մարզադաշտը շատ փոքր է մեծ ֆուտբոլի համար:
Իսկ «Հրազդան» մարզադաշտը հայկական ֆուտբոլի վերածննդի խորհրդանիշը կարող է լինել. նրանում «Արարատ-73»-ի շունչը կա նաև:
Այսօր ակնհայտ է, որ առնվազն առաջիկա երկու տասնամյակում Հայաստանն ի վիճակի չի լինելու նման խոշոր մարզադաշտ կառուցել: Նման հնարավորության դեպքում անգամ կասկած չի կարող լինել, որ «Հրազդան» մարզադաշտը պետք է ծառայի իր բուն նպատակին:
Անկախ ամեն ինչից՝ ոչ մի ուրիշ սպորտ և ոչ մի արտաքին քաղաքական ձեռնարկ այնքան մեծ ճանաչում չի բերում երկրին, որքան ֆուտբոլային հաջողությունը: Իսկ հայկական ֆուտբոլն այսօր վերելքի ուղին է բռնել: Պետք է անել ամեն հնարավորը՝ այդ ուղին բաց պահելու համար:
Հաջորդ հոկտեմբերին կայանալու է Աշխարհի գավաթի նախընտրական Հայաստան-Իտալիա խաղը. մերոնք հաղթելու են «Հրազդան» մարզադաշտում:
Civilnet










