Գլխավոր Լրահոս

Պղնձի արտահանումը կարող է կրճատվել 12%-ով

Պղնձի արտահանումը կարող է կրճատվել 12%-ով

Զեկույցում նշվում է, որ 2011-ը աչքի է ընկել ինչպես գունավոր-արդյունաբերական, այնպես էլ գունավոր թանկարժեք մետաղների գների բարձր փոփոխականությամբ: Մետաղների շուկայում կտրուկ փոփոխությունները պահպանվել են ամբողջ տարվա ընթացքում եվրոգոտու երկրների պարտքային խնդիրների և դեպի առավել մեծ տարածաշրջաններ «պարտքային հիվանդության» տարածման վտանգին զուգահեռ:

Հատկապես զարգացած երկրներում տնտեսական աճի վերականգնման հիասթափեցնող հեռանկարներն ավելի մեծ ճնշում են գործադրել գունավոր մետաղների արդյունաբերության վրա: ԱՄՆ-ի դոլարի դիրքի ամրապնդումը լրացուցիչ արգելք է հանդիսացել ապրանքահումքային ակտիվների գների աճի համար:

Արդյունքում հաշվետու ժամանակահատվածում նվազել են գունավոր մետաղների գները, մասնավորապես՝ նիկելի, ցինկի, պղնձի և ալյումինի: Թանկարժեք մետաղների շարքում աճել են ոսկու և արծաթի գները, իջել են պլատինի և պալադիումի գները:

Թանկարժեք մետաղների գների աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող քաղաքական անկայունությամբ, ինչպես նաև զարգացող երկրներում, հատկապես Չինաստանում և Հնդկաստանում այդ մետաղների նկատմամբ աճող արդյունաբերական պահանջարկով:

«Մենք կարծում ենք, որ չնայած ֆոնդային և ապրանքային շուկաներում առկա հոռետեսությանը՝ մակրոտնտեսական վիճակը մնում է չափավոր դրական: Անգամ պասիվ տնտեսական աճը համաշխարհային տնտեսությունում թույլ է տալիս ասել, որ 2012թ. վերջին գունավոր և թանկարժեք մետաղների գները որոշակիորեն կվերականգնեն իրենց գները»,– «Օրակարգ»-ի հետ զրույցում ասաց Միքայել Վերդյանը:

Նրա խոսքով՝ պղինձը 2011թ. ամենաշատ տուժած մետաղն է: Պղնձի ֆյուչերսային գնանշումներն ընթացիկ տարում նվազել են մոտ 27%-ով՝ մինչև $3,2530՝ մեկ ֆունտ պղնձի համար, ինչը համաշխարհային տնտեսական աճի դանդաղման ֆոնին պղնձի նկատմամբ գլոբալ պահանջարկի նվազման հետևանք է:

Ըստ միջազգային պղնձամոլիբդենային հետազոտական ​​խմբի 2011թ. նոյեմբերի վերջին հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոսին պղնձի նկատմամբ համաշխարհային պահանջարկը նվազել է 57,58%-ով՝ մինչև 154 հազ. տոննա:

Միքայել Վերդյանի խոսքով՝ խուճապի նոր ալիքը՝ կապված Հունաստանի պարտքային բեռի, ինչպես նաև Իտալիայի և Իսպանիայի վրա պարտքային ճգնաժամի տարածման վտանգի հետ, նվազեցրել է ներդրողների ռիսկային ախորժակը, որոնք նախապատվություն են տալիս ապաստարան ակտիվներին, ինչպիսիք են ԱՄՆ-ի դոլարը և ոսկին:

Ընթացիկ տարում պղնձի գները նվազել են մոտ 27%-ով՝ նախորդ տարվա պղնձի գների աճի ֆոնին (2010թ. համաշխարհային շուկայում պղնձի դեֆիցիտ կար):

Ըստ Forex Club-ի զեկույցի՝ հաջորդ տարվա առաջին կիսամյակում պղնձի գները կշարունակեն իջնել, սակայն այնուհետև կարող են աճել՝ պայմանավորված Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու հատկապես Չինաստանում տնտեսական աճով: Ակնկալվում է, որ եվրոգոտու պարտքային ճգնաժամը կարող է մեղմվել հաջորդ տարի: Արդյունքում պղնձի գները կհասնեն $3,85-ի՝ մեկ ֆունտի դիմաց, ինչը 18,35%-ով գերազանցում է ներկայիս ցուցանիշը:

Վերդյանի խոսքով՝ Հայաստանում արդյունահանվող պղնձի ծավալները, ներկա գներով, կարող են նվազել մինչև 12%՝ հասնելով Դ12 մլրդ-ի՝ 2011թ. հունվար-սեպտեմբերի Դ14 մլրդ-ի համեմատ: «Հայկական ընկերությունները պետք է համապատասխան դասեր քաղած լինեն և ունենան միջոցառումների ցանկ սպասվելիք մարտահրավերներին դիմակայելու համար:

Մենք թևակոխում ենք նոր փուլ, որտեղ թե՛ տնտեսավարողները, թե՛ պետությունը ավելի հավասարակշռված պետք է լինեն: Իհարկե, ընթացիկ ճգնաժամը չենք կարող համեմատել 2008թ. ճգնաժամի հետ, և չարժե առավել շատ ուշադրություն դարձնել դրան»,– ասաց նա:

ForexClub-ի վերլուծաբանը նաև կարծիք հայտնեց, որ եթե 2008-2009 թթ. դրամը գերարժևորված էր, ապա այս տարի իրավիճակն ավելի լավ է, և լողացող փոխարժեքային ռեժիմը թույլ կտա ավելի լավ դիմակայել ապագա ցնցումներին: «Եվրոպական մեր գործընկերները Գերմանիան, Բելգիան են, իսկ ըստ կանխատեսումների՝ եվրոգոտու տնտեսական աճը չի գերազանցելու 0,5%-ը, ինչի արդյունքում պղնձի պահանջարկը կկրճատվի:

Կրկին պետք է մտածել մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին: Մենք չենք կարող անընդհատ կոնկրետ ոլորտներից կախված լինել նման փորձություններին դիմակայելու համար, քանի որ այս ճգնաժամերն ունեն պարբերական բնույթ»,– ասաց Վերդյանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում