«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե կողջունի Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավոր համագործակցությունը, բայց կարծում է, որ դա ներկայում «ֆանտաստիկայի ոլորտից է» (Azatutyun.am):
Հովհաննիսյանը քաղաքական զարգացումների մի քանի սցենարի մասին է խոսել և նշել, որ իրենք հակված են «դաշինքային, ավելի լայն լուծումների գնալ», քանի որ անցյալի պարտությունները կապված են հենց այն հանգամանքի հետ, որ «յուրաքանչյուրը փորձել է իր սեփական փոքր դրոշի տակ առաջ գնալ»:
«Ժառանգություն»-ը թերևս առաջինն է քաղաքական ուժերից, որ նման խոստովանություն է անում՝ արդյունքի հասնելու համար միավորվել է պետք:
Եթե տեսականորեն պատկերացնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին ձևավորվում է երեք դաշինք՝ ՀՀԿ-ՕԵԿ, ԲՀԿ-ՀՅԴ և ՀԱԿ-«Ժառանգություն» (այս դասավորությունը խիստ պայմանական է՝ հաշվի առնելով այս ուժերի անցած ուղին և փորձը), ապա միանգամայն իրատեսական կարելի կլինի ակնկալել, որ առաջիկա խորհրդարանում այս երեք «դաշինքներն» ունենան գրեթե հավասար ներկայացվածություն՝ յուրաքանչյուրը տնօրինի մանդատների 1/3-ը (պայմանով, իհարկե, որ ընտրություններին իշխանական զույգը խաղում է արդար կանոններով):
Այսպիսի կոնֆիգուրացիայի դեպքում Հայաստանում ոչ թե պարզապես իշխանափոխություն, այլ համակարգափոխություն տեղի կունենա՝ դրանից բխող առավելապես դրական զարգացումներով՝ քաղաքական մրցակցություն, որն արտահայտությունը կունենա տնտեսությունում, պետական պաշտոնյաների նկատմամբ առավել մեծ վերահսկողություն և կամայականությունների նվազեցում և, ամենակարևորը, իրական կոալիցիայի կազմավորում, որը կլինի փլուզման մշտական ռիսկի տակ և ստիպված կլինի առավել շատ ջանք ներդնել իր վարկը բարձրացնելու և երկիրն առաջ տանելու գործում:
Սրա համար քաղաքական ուժերը պետք է գիտակցեն երեք կարևոր բան: Առաջին՝ չշտապել պլաններ կազմել նախագահական ընտրությունների մասով և հրաժարվել անձնակենտրոն ամբիցիաներից:
Երկրորդ՝ մոռանալ անցյալի փոխադարձ վիրավորանքներն ու անտագոնիզմները, վեր կանգնել անձնականից և հարցը դիտարկել ազգային շահերի դիտանկյունից:
Երրորդ՝ Հայաստանում քաղաքական մենաշնորհի վերացումը դիտարկել որպես պատմական անհրաժեշտություն և չսպասել, որ այդ փոփոխությունները թելադրվեն ներքևից, ինչը երկրի համար մեծ ռիսկեր է պարունակում:
Այս տեսական օրինակն այնքան էլ մեծ ուտոպիա չէ:
Civilnet










