Գլխավոր Լրահոս

Կրկին հարկային ներկայացուցիչներ

Կրկին հարկային ներկայացուցիչներ

Կառավարության այսօրվա նիստին ՊԵԿ-ը ներկայացնելու է 37 ընկերություններից բաղկացած ցանկ, որտեղ 2012թ. պետք է նշանակվեն հարկային ներկայացուցիչներ։

Նշենք, որ անցած տարվա հուլիսին ՊԵԿ-ի առաջարկով և Կառավարության հավանությամբ 24 խոշոր հարկատուների մոտ նշանակվեցին հարկային ներկայացուցիչներ: Սակայն 2011թ. համար ՊԵԿ-ը չէր ներկայացրել ընկերությունների նոր ցանկ, որտեղ ըստ կարգի պետք է նշանակվեին հարկային ներկայացուցիչներ:

Ուշագրավ է, որ եթե 2010թ. 24 ընկերություններից 10-ը սիգարետ արտադրող և ներկրող ընկերություններ էին, 2012թ. ցանկում ըստ ոլորտների գերակշռում են շինարարական ընկերությունները և շինանյութերի ներկրում և իրացում կազմակերպող 14 ընկերություններ (ցանկի 1/3-ից ավելին)։

2012թ. ցուցակում նորից ընդգրկվել են ընկերություններ, որոնք եղել են 2010թ. ցուցակում, բայց որտեղ ստվեր չի հայտնաբերվել: Համենայն դեպս՝ ՊԵԿ-ը լուրջ չարաշահումների մասին հաղորդագրություններ չի տարածել: Սակայն ՊԵԿ-ը կրկին համարում է, որ 2010թ. ցանկում եղած «Օրիֆլեյմ քոսմեթիքս» (կոսմետիկայի ներկրում), «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ», «Ալֆա-ֆարմ» դեղագործական ընկերություններում «Դերժավա-Ս» (հիգիենայի պարագաների, շոկոլադների մի շարք բրենդների ներկայացուցիչ), «Սի ընդ Էֆ Քո» (կոսմետիկայի ներկրող), «Արմեն-Համիկ եղբայրներ» (սննդամթերքի արտադրություն), «Ալեքս Գրիգ» (սպառողական ապրանքների մի շարք շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող) ընկերություններում հարկային ներկայացուցիչներն այդքան էլ արդյունավետ չեն աշխատել և լավ չեն պայքարել ստվերի դեմ, և որոշել է 2012թ. այդ ընկերություններ նորից ներկայացուցիչներ գործուղել։

ՊԵԿ-ը որոշել է հարկային ներկայացուցիչներ նշանակել նաև մի քանի հանքարդյունաբերական, ինչպես նաև ալյուրի շուկայի ընկերություններում: Ցանկում ընդգրկվել է հրուշակեղեն արտադրող «Գրանդ Քենդի» ընկերությունը։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ ցանկում ընդգրկել են այն ընկերությունները, որոնք ռիսկային չափանիշների հիման վրա գտնվում են միջին կամ բարձր ռիսկայնության գոտիներում:

Իհարկե, «Հարկերի մասին» օրենքով հստակ սահմանված է, թե որ ընկերություններում կարող է հարկային ներկայացուցիչ նշանակվել, բայց անհասկանալի է, թե ինչու երկրորդ անգամ անընդմեջ ներկայացուցիչներ են նշանակվում նույն ընկերություններում, կամ ինչու է ընդգրկվում «Գրանդ Քենդի»-ն, իսկ կոնֆետներ ներկրող խոշոր «Մեգաֆուդ» ընկերությունը (փոխկապված է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ) չի ընդգրկվում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկում ընդգրկվել են մի շարք ընկերություններ, որոնք եղել են 2010թ., և այն, որ այս տարի հարկային ներկայացուցիչներ չեն նշանակվել, չի բացառվում, որ այս անգամ այդ նշանակումները նորից կրեն ձևական բնույթ։

Խնդիրն այն է, որ «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների և հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության և նշանակման կարգի» համաձայն՝ հարկ վճարողի մոտ հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 183 օրացուցային օրը՝ մեկ օրացուցային տարվա համար, կամ 250 աշխատանքային օրը՝ երկու օրացուցային տարիների համար:

Սա նշանակում է, որ այս տարի ՊԵԿ-ը այդ ընկերություններում չէր կարող ներկայացուցիչ ունենալ, իսկ «լոյալ» ընկերություններն այդքան էլ շատ չեն, և դա է եղել պատճառը, որ այս տարի ներկայացուցիչները չէին գործուղվել ընկերություններ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում