Երեկ Կառավարության նիստին հաստատվել է 37 ընկերությունների ցանկը, որտեղ 2012թ. նշանակվելու են հարկային ներկայացուցիչներ: Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Ալավերդյանն ասաց, որ ներկայացուցիչ նշանակելու Կառավարության որոշման նպատակը հարկային աճ ապահովելն է:
«Մենք կոնկրետ ոչ թե ստվերի չափ ենք գնահատում, այլ պետք է շատ տեղեկատվություն ստանանք և բարձրացնենք հարկերի գանձումը, հարկերի վճարումը»,– ասաց նա՝ հավելելով, որ ենթադրվում է, որ 24 ընկերություններից ավելացած հարկահավաքումը, ինչպես նաև հարկային վարչարարությունն են ապահովել աճը:
Հարցին, թե հարկային ներկայացուցիչ «հյուրընկալող» ընկերությունների վճարած հարկերի 25% ավելացումից կարելի է արդյոք ենթադրել, որ գալիք տարի 37 ընկերությունների մասով նմանաչափ աճ է ակնկալվում, Ալավերդյանը պատասխանեց. «2012թ. բյուջետային ծրագիրը ՊԵԿ-ի համար հիմնական թիրախն է: Գաղտնիք չէ, որ եկամուտների աճի գերակշիռ մասը պետք է ապահովվի խոշոր հարկ վճարողների հաշվին։ Այդ 37 ընկերություններից գրեթե բոլորը ներառված են խոշոր հարկ վճարողների ցանկում»:
«Օրակարգ»-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ 2011թ. համար ՊԵԿ-ը չէր ներկայացրել այն ընկերությունների ցանկը, որտեղ պետք է նշանակվեին հարկային ներկայացուցիչներ, Ալավերդյանը պատասխանեց. «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների և հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության ու նշանակման» կարգի համաձայն՝ ներկայացուցիչները կարող են կազմակերպությունում լինել 183 օր՝ մեկ տարվա ընթացքում, և մինչև 250 օր՝ երկու տարվա ընթացքում: Այդ իսկ պատճառով 2011թ. նոր ցանկ չէր ներկայացվել: 2010թ. Կառավարության որոշումն այդ 24 ընկերությունների մասով շարունակել է ուժի մեջ մնալ նաև 2011թ.»:
Իսկ թե ինչու 2010թ. հարկային ներկայացուցիչ ունեցած ընկերություններից 8-ը կրկին ընդգրկվել է 2012թ. ցանկում, Ալավերդյանը պարզաբանեց, թե ընդգրկվել են այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցել է 4 մլրդ-ը, կամ այն ընկերությունները, որոնք մեկ եռամսյակի արդյունքներով ունեցել են 500 մլն-ի ներկրում, և ընկերությունների անունը կարող է և կրկնվել։
Նշենք, որ 2012թ. ցանկում ընդգրկված են շինարարական և շինանյութերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող 14 ընկերություն, 4 հանքարդյունաբերական ընկերություն, 3 դեղագործական, ալյուրի շուկայի 3 խոշոր խաղորդներ, կոսմետիկա ներկրող 2 ընկերություն:
Ուշագրավ է, որ 2012թ. ցուցակում նորից ընդգրկվել են ընկերություններ, որոնք եղել են 2010թ. ցուցակում, բայց որտեղ ստվեր չի հայտնաբերվել: Համենայն դեպս՝ ՊԵԿ-ը լուրջ չարաշահումների մասին հաղորդագրություններ չի տարածել:
Civilnet











