-Պրն Աղավելյան, արդեն մոտ մեկ տարի է, ինչ գործում է ԱՊՊԱ ինստիտուտը: Հավաքագրված ապահովագրավճարների և փոխհատուցումների ծավալներից կարելի է ենթադրել, որ ընկերությունների վնասաբերությունը բավական ցածր է։ Դա արդյոք բարձր սակագնի արդյունք չէ՞։
-Նախ պետք է հստակեցնենք, թե ինչ ենք հասկանում «վնասաբերություն» ասելով: Ապահովագրության ոլորտում վնասաբերության հաշվարկը մի փոքր ավելի բարդ է, քան առաջին հայացքից է թվում։ Երբ մենք պարզապես վերցնում ենք, որ հավաքել ենք «իքս» գումարի ապահովագրավճար և նույն ժամանակաշրջանում հատուցել ենք «իգրեկ» գումար, դրանց արտադրիչը դեռ վնասաբերության ցուցանիշ չէ։
Երբ, օրինակ, վերցնում ենք 100 միավոր ապահովագրավճար և կես տարի անց ունենում ենք 50 միավոր փոխհատուցում, առաջին հայացքից մեր վնասաբերությունը 50% է: Իրականում, սակայն, այն 100% է, քանի որ մենք հաջորդ 6 ամիսներին փոխհատուցմանը պետք է ուղղենք ևս 50 միավոր։
Բերեմ մեր ընկերության օրինակը։ Սեպտեմբերի վերջի դրությամբ մենք հատուցել ենք Դ1,2 մլրդ, բայց կա նաև տեղի ունեցած, սակայն «չներկայացված պահանջների պահուստ» (ՏՉՊՊ) և «ներկայացված, բայց դեռևս չկարգավորված պահանջների պահուստ» (ՆՉՊՊ)։ ՆՉՊՊ-ն այն գումարներն են, երբ մեզ քաղաքացին դիմել է, մենք դիմումը ընդունել ենք, բայց պահանջել ենք փաստաթղթեր և սպասում ենք այդ փաստաթղթերին, իսկ ՏՉՊՊ-ն այն է, երբ տեղի է ունեցել դեպք, բայց քաղաքացին դեռ չի ներկայացել, և մենք սպասում ենք։
Ըստ էության՝ հատուցման գումարը մեզ մոտ կազմում է Դ1,8 մլրդ։ Բայց կա նաև չվաստակած ապահովագրավճար, որը մեր ընկերությունում կազմում է Դ1 մլրդ։ Այսինքն՝ մենք այդ գումարի չափով ռիսկ ունենք, այդ պայմանագրերը գործում են, և չենք կարող ասել, որ դա մեր գումարներն են, քանի դրանցից պետք է հատուցումներ ուղղենք։
-Իրականում որքա՞ն է վնասաբերությունը։
-Վերջին ամիսներին մեր վնասաբերությունը կազմել է 59%, շատ լավ ցուցանիշ է։ Բայց այստեղ վտանգավոր է տրենդը։ Այսինքն՝ մեզ մոտ գնալով ավելանում է վնասաբերությունը։ Կանխատեսում ենք, որ տարվա կտրվածքով այն կկազմի 65%։ Եթե տրենդը պահպանվի, գալիք տարի մենք կհասնենք 100% վնասաբերության, այսինքն՝ հավաքագրված ապահովագրավճարների ողջ գումարն ուղղելու ենք փոխհատուցմանը։ Կարծում եմ, որ ներկայացված այս ցուցանիշները և տրենդը բնորոշ են ողջ ԱՊՊԱ շուկային։
-Բայց չէ՞ որ սակագնի հիմքում դրվել էր 78% վնասաբերություն, իսկ մնացած 22%-ը միջնորդավճարները, ընթացիկ ծախսերը և շահույթը պետք է լինի։
-Այն, ինչ հաշվարկվել էր, կանխատեսում էր, իսկ այն, ինչ ունենք, իրականությունն է։ Ընթացիկ վիճակը պետք է տարանջատել ծրագրվածից։ Ենթադրվում էր, որ այս ծավալները կարելի է սպասարկել «իքս» գումար վարչական ծախսերով, բայց երբ սկսում ես այդ գործընթացը, պարզ երևում է, որ այդ գումարը բավարար չէ որակյալ սպասարկում ապահովելու համար։
Մեզ մոտ ստացվել է 65% վնասաբերություն, 15% միջնորդավճար, ընկերությանը մնացել է 20%։ Այդ գումարի հաշվին մենք պետք է ունենանք հատուցման կենտրոն իր աշխատակիցներով, աշխատակիցները պետք է ունենան մեքենա դեպքի վայր հասնելու համար, պետք է ունենանք սպասարկման կենտրոն և այլն։
Իրականում ունեցանք այն, որ մեր վաճառքների պիկը ընկել է տարվա ընդամենը 3 ամսվա վրա, մնացած 9 ամիսները մեր կետերը սպասարկում են միայն դադարեցումները, բայց մենք այդ օֆիսների գծով ծախսեր ենք կատարում։ Կարծում եմ՝ եթե մենք այդ 20%-ից 2-3% շահույթ ստանանք, շատ լավ կլինի։
Բայց ինչպես ասացի, մենք ոչ թե այս, այլ գալիք տարվա համար ենք անհանգստանում։ Այս տարվա համար սակագները նորմալ են հաշվարկվել, բայց մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու է աճում վնասաբերությունը, օբյեկտիվ են այդ պատճառները, թե սուբյեկտիվ:
Եթե պատճառները սուբյեկտիվ են, մենք պետք է զսպենք դրանք: Ցանկացած դեպքում, եթե վնասաբերության աճը շարունակվի նման տեմպերով, գալիք տարի խնդրի առջև կկանգնենք։ Ընդ որում՝ ավելանում են ոչ թե պատահարների գծով հատուցման գումարները, այլ պատահարների քանակը: Մեզ պետք է հասկանալ՝ ինչու, և ձեռնարկել միջոցառումներ։
Օրինակ՝ մեզ մոտ ձմռանը պատահարների թիվը կտրուկ ավելանում է, քանի որ վարորդները չեն անցնում ձմեռային անվադողերի։ Եթե ընդունվի համապատասխան օրենք, և ճանապարհային ոստիկանությունը կարողանա, ինչպես արտերկրում է, տուգանել ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկելու համար, պատահարների թիվը էապես կկրճատվի։ Դրա մասին վկայում է Ռուսաստանի փորձը, որտեղ վերջին տարիներին ընդունվեց այդ օրենքը:
-Սակագնում չներառելով ավտոմեքենայի շահագործման ինտենսիվությունը և վայրը՝ չի՞ ստացվել, որ մարզերի բնակիչները փոխհատուցում են Երևանի բնակիչների վթարների համար:
-Դա այդքան էլ այդպես չէ: Պետք է նայել վիճակագրությանը։ Մենք ուսումնասիրեցինք այդ վիճակագրությունը, որպեսզի տեսնենք, թե այդ պնդումները, որ մարզերում պատահարների թիվն ավելի փոքր է, որքանով են համապատասխանում իրականությանը։ Եթե այդպես լիներ, մենք վաճառքները կկենտրոնացնեինք մարզերում։
Վիճակագրությունը ցույց տվեց, որ էական տարբերություն չկա։ Նշեմ նաև, որ շրջաններում դեպքերի փոխհատուցման գումարները ավելի մեծ են, քան Երևանում: Դա պայմանավորված է նրանով, որ Երևանում խիտ երթևեկության պատճառով հնարավոր չէ մեծ արագություններ հավաքել, այնինչ մարզերում այդպես չէ։
Մենք չենք կարող կիրառել շահագործման վայրի ռիսկի գործակիցը, քանի որ չենք կարող հստակ տարանջատել՝ տվյալ ավտոմեքենան շահագործվում է Երևանում, թե մարզերում։ Իհարկե, գյուղերում հաշվառված և միայն գյուղում շահագործվող ավտոմեքենաների վնասաբերությունը փոքր է։ Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ մեքենաների զգալի մասը ո՛չ ԱՊՊԱ պոլիսներ ունեն, ո՛չ էլ տեխզննության կտրոններ։
Իհարկե, դրանց առկայությունը օրենքի պարտադիր պահանջ է, բայց երբ գյուղում բոլորը իրար ճանաչում են, բարեկամ են, այդ մեքենան գյուղից դուրս չի գալիս, ո՞վ է նրան տուգանելու։ Չապահովագրած ավտոմեքենաների քանակը չի նվազում, թեև Երևանում, մարզկենտրոններում ու մյուս վայրերում ստուգումներ են կատարվում։ Դա արդյունքն է այն բանի, որ կան մեքենաներ, որոնք լոկալ են օգտագործվում, որոնք ԱՊՊԱ ընդհանրապես չունեն։
-Երբ ներդրվում էր ԱՊՊԱ-ն, ապահովագրական ընկերությունները կանխատեսում էին, որ այն կխթանի այլ պրոդուկտների, մասնավորապես Casco-ի վաճառքները։ Սպասումներն արդարացե՞լ են։
-Ծավալի առումով՝ ոչ, տեմպի առումով՝ այո։ Երբ տեղի է ունենում դեպք, և գալիս է հատուցման ժամանակը, տուժողը փոխհատուցվում է, իսկ մեղավորը հասկանում է, որ իր մեքենայի վնասի համար հատուցում չի լինելու։ Համակարգի ներդրման սկզբնական փուլում շատերին թվում էր, որ փոխհատուցվելու են նաև իրենց վնասները։ Գիտակցությունը, որ մեղավորի վնասները չեն փոխհատուցվում, վարորդներին մղեց նրան, որ հիմա բոլորը հարցնում են, թե ինչ արժե Casco-ն։ Քչերն են ձեռք բերում այս պրոդուկտը, բայց բոլորը հարցնում են:
Civilnet











